«Բոլոր ժամանակներում տոմարը ժողովուրդների համար սրբազան է եղել, քանի որ դրանով են հաշվարկվել բոլոր ծիսակատարությունները, կարեւորագույն տոները, հետեւաբար` տոմարական բոլոր ժամկետները որոշակի առասպելական զրույցների առիթ են դառնում»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց տոմարագետ Լիլիթ Սարգսյանը:
Նրա խոսքով. «Մայաների օրացույցի շուրջ ծավալված տեսակետները սովորական մեկնաբանություններ են: Իրականում մայաները չեն կանխատեսել ինչ- ինչ իրադարձություններ: Մայաների տոմարը սկզբունքորեն տարբերվում է մեր տոմարից: Մենք հաշվում ենք մատներով` տասնորդական համակարգով, իսկ ժամանակը հաշվում ենք 60-րդ-ական համակարգով, այդ պատճառով ունենք աստիճաններ, րոպեներ եւ այլն: Մայաներն ամեն ինչ հաշվարկել են 20-ական համակարգով, եւ նրանց տոմարն էլ գրված է եղել այդ համակարգի հիման վրա: Մայաներն ունեցել են երկու տոմար` ծիսական կիրառության, որն առնչություն չունի մեզ հետ, եւ 365 օրից կազմված արեգակնային տոմար, որը նման է մեր տոմարին, սակայն իրենք էլ չունեին Նահանջ տարվա օրը»:
Սարգսյանը նշեց, որ երկու տոմարները համադրելով` մայաները ստանում էին առավել մեծ, մանավորապես` 52 տարվա համակարգեր. «Այդպես 52-ը դառնում էր սրբազան թիվ: Դրանով հանդերձ` մայաներն ունեին 400 տարվա համակարգ, իսկ 400 տարին կոչվում էր սրբազան տարի: 400 տարին մեկ նրանք սպասում էին որոշակի պարբերական իրադարձությունների, որոնք, սովորաբար, կապված էին Արեւի ակտիվության կամ Վեներա մոլորակի հետ: Բայց դա ոչ թե մայաների ասածն է, այլ գիտնականների մեկնաբանությունը: 400-ի եւ 13-ի բազմապատիկը կազմում էր մեծ տիեզերաշրջան, որը մեր տոմարական համակարգով տվում է 2160 տարի: Իսկ մայաների մոտ տիեզերաշրջանը կազմում էր 5200 տարի: Այնպես է ստացվել, որ նրանց պարբերաշրջանի եւ մեր պարբերաշրջանի ավարտը համընկել են նույն տարվա դեկտեմբերի 21-ի շրջակայքում, այդ պատճառով աշխարհի վերջի մասին առասպելներ են կազմում»:
Տոմարագետը նաեւ հիշատակեց մի առասպել, որի համաձայն` Գրիգոր Լուսավորիչը թախանձագին աղոթք է ուղղում Աստծուն` խնդրելով ասել, թե ինչ է լինելու աշխարհի վերջում: «Աստված հայտնվում է նրան եւ ասում` «քանի որ դու ժողովրդիդ շատ ես սիրում, ես այնպես կանեմ, որ աշխարհի վերջը կլինի այն ժամանակ, երբ բոլոր հայերը մահացած կլինեն»: Այնպես որ` հայերը վախենալու ոչինչ չունեն. աշխարհի վերջը կլինելի այն ժամանակ, երբ հայերը կվերանան»,-հավելեց Լիլիթ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ