Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպառողների պաշտպանները պահանջում են մեծ ավտոբուսներ

Դեկտեմբեր 20,2012 16:20

Կանգառներում երթուղայինները կանգնում են երկու շարքով, միկրոավտոբուսները պետք է փոխարինվեն մեծ տարողունակ ավտոբուսներով, երթուղայինների համարների փոփոխությունից խառնաշփոթ է առաջացել, առաջին իսկ ձյան տեղումներից մայրաքաղաքային տրանսպորտը կաթվածահար է լինում: Այսօր «Փաստարկ» ակումբում Երեւանի տրանսպորտի անմխիթար վիճակի մասին այսպիսի հարցեր բարձրացրեցին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Յագուբյանը եւ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե այդ ամենի մասին բոլորն էլ գիտեն եւ հ/կ-ն գործնական ինչ քայլեր է ձեռնարկել, որպես սպառողների իրավունքների պաշտպան, կազմակերպության պատասխանատուներն ասացին, որ կոնկրետ` հասարակական տրանսպորտի երթեւեկությունը մեծ ավտոբուսներով կազմակերպելու համար մոտ մեկ ամիս առաջ Երեւանի քաղաքապետարան նամակ են գրել, պատասխանը եղել է` աշխատանքներ են տարվում:

Հ/կ-ն նաեւ քաղաքապետարանին առաջարկել է տրոլեյբուսի գծերի հարցն էլ լուծել: Կարեն Չիլինգարյանը կարծում է, որ կաթվածահար երթեւեկության պատճառներից մեկն էլ այն է, որ ավտոմեքենաների անվադողերը մաշված են, ձմռան համար նախատեսված չեն եւ վարորդները ստիպված դանդաղ են երթեւեկում, որպեսզի խուսափեն վթարից:

Պարոն Չիլինգարյանը նաեւ նկատեց, որ տրանսպորտը չի կարողանում մոտենալ կանգառին, որովհետեւ կանգառները չեն համապատասխանում այդքան ծանրաբեռնված երթեւեկություն ունեցող քաղաքի նորմերին. «Կանգառները կարճ են, էլ չեմ ասում, որ մեծ ավտոբուս մտնի, դա սխալ է հաշվարկած, նախկինում գուցե հերիքում էր, բայց արդեն չի հերիքում: 4-5 երթուղային մոտենում է, այլեւս տեղ չի լինում, խցանում է առաջանում: Մինչեւ ավտոբուսներ չներկրեն, ոչ տաքսիները, ոչ միկրոավտոբուսները մայրաքաղաքից չեն պակասի»:

Խոսելով «ձնառատ ու ցեխառատ» մայթերից ու փողոցներից, սպառողների պաշտպանները, օրինակ բերելով հարեւան Վրաստանի կամ զարգացած երկրների փորձը, նկատեցին, որ այնտեղ տեխնիկան աշխատում է ամեն րոպե եւ անգամ մի փաթիլ ձյուն չի հասնում գետնին: Իսկ Երեւանում, ըստ հ/կ անդամների, քաղաքային իշխանությունները նախապես հայտարարում են, որ տեխնիկան պատրաստ է, բայց առաջին իսկ ձյան տեղումները ցույց են տալիս, որ «պատրաստ չենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31