Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքն իր տեղը զիջում է վարչական լծակներին

Դեկտեմբեր 20,2012 16:12

 Ընտրակաշառքը կամաց-կամաց իր տեղը զիջում է: Այսօր «Դեբատ» ակումբում նման կարծիք հայտնեց  «Թրանսփերենսի ինթերնեյշընլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում և հասարակական ընկալումները նախընտրական շրջանում թեմային անդրադառնալիս:

Նրա ներկայացմամբ՝ խնդիրը ոչ այնքան շարքային քաղաքացուն կաշառելու մեջ է, այլ, որ վարչական լծակներ են օգտագործվում, ասենք՝ ճնշումների ներքո հանձնաժողովների նախագահներ են դնում համապատասխան անձանց: Ըստ պարոն Հոկտանյանի, միջազգային ուսումնասիրությունն էլ ցույց է տալիս, որ 30-40%-ը չի քվեարկում այն մարդու օգտին, ում համար կաշառք են վերցրել:

Պարոն Հոկտանյանի պատմելով, ընտրություններին կաշառք բաժանողներից մեկը նույնիսկ խոստովանել է, որ այս անգամ կարծես թե փող չի բաժանվելու. «Այստեղ վարչական ռեսուրսի մի լուրջ խնդիր կա, երբ գյուղապետը, քաղաքապետը դպրոցի տնօրենին ասում է՝ այսքան թիվ պիտի ապահովեք, եւ մյուս խնդիրը՝ մեծ գործազրկության պայմաններում մարդիկ մտածում են՝ լավ եթե ես Հանրապետականին կողմ չքվեարկեմ, ուրիշ նախագահ գա, ասենք «Բարգավաճը» գա, կհանեն գործից: Կան պաշտոնյաներ, ասում են՝ այո մենք Հանրապետականին ենք քվեարկել, որովհետեւ ուրիշը գա՝ մենք գործից կզրկվենք: Կամ, ասենք՝ կոմունալ պարտքերն են մարում ձայնի դիմաց»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է առանձին հակակոռուպցիոն օրենք ընդունել, պետք է անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծել, որտեղ ներգրավված կլինեն բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները հավասարապես եւ հասարակական սեկտորը:

Իսկ քննարկման մյուս մասնակից, «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ նման մարմնի ստեղծումն անհրաժեշտ է, սակայն այն պետք է ղեկավարի ընդդիմությունը: Ըստ պարոն Մարտիրոսյանի, առհասարակ, վերահսկողական բնույթի բոլոր լծակները՝ թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, պետք է տրվեն ընդդիմությանը. «Օրինակ՝ Վերահսկիչ պալատը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ այլն, պետք է տրվեն ընդդիմությանը: Շատ կարեւոր է պատժելիության մեխանիզմը՝ պետական կոռուպցիոն մեխանիզմներով յուրացված հանքերի, գործարանների վերադարձը պետությանը եւ դրանց ազատ սեփականաշնորհումը»:

«Ժառանգության» մեկ այլ ներկայացուցչի՝ Ստեփան Սաֆարյանի խոսքերով էլ մեր երկրում կոռուպցիայի գոյության մասին «վերեւներում» գիտեն բոլորը, գիտեն որտեղից որքան գումար է գալիս եւ այլն. «Կոռուպցիայի մի տեսակի հետ անձամբ եմ բախվել, երբ օրը ցերեկով երթուղային տաքսիները ծառայեցրել են սեփական թեկնածուի համար: Սա ոչ միայն օրենքի խախտում է, այլեւ՝ կոռուպցիա, կամ դպրոցներում մեծից փոքրին հրահանգում են ձայն ապահովել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31