Լրահոս
Օրվա լրահոսը

«Gallup» հարցումների ընթացքում Ծառուկյանին նախընտրողների մեծ մասն ասել են՝ քվեարկելու ենք Սերժ Սարգսյանի օգտին

Դեկտեմբեր 20,2012 16:03

1020 չափահաս քաղաքացիների շրջանում «Gallup» կազմակերպության անցկացրած հանրապետական հարցումների արդյունքում հարցվածների 42 տոկոսը փետրվարի 18-ին նախատեսված նախագահական ընտրություններին հաստատ կմասնակցի, 36 տոկոսը՝ հավանաբար կմասնակցի, 11 տոկոսը՝ հավանաբար չի մասնակցի, 7 տոկոսը հաստատ չի մասնակցի, իսկ 4 տոկոսը դեռ չգիտի:

Թե ինչով է պայմանավորված հարցվածների մասնակցությունը կամ չմասնակցելը ընտրություններին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցումների արդյունքները ներկայացնելիս «Gallup»-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշառուսկիեննեն ասաց, թե հարցվածների 36 տոկոսը բացատրել է, թե սպասումներ չունի, որ  ինչ-որ բան փոխվելու է, 23 տոկոսն ասել է՝ հետաքրքրված չէ, 18 տոկոսը նախագահի լավ թեկնածու չի տեսնում,  10 տոկոսը ծանոթ չէ թեկնածուներին եւ նրանց ծրագրերին, 9 տոկոսն էլ երկրից բացակայելու պատճառով է բացատրել, իսկ 3 տոկոսն ընդհանրապես չի պատասխանել:

Հարցվածների  49 տոկոսը քվեարկելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, 21 տոկոսը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին է նախընտրել, 6 տոկոսը՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, 5 տոկոսը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, 3 տոկոսը՝ Վահան Հովհաննիսյանին, 2 տոկոսը՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, 1 տոկոսը՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին:

Տիկին Ալիշառուսկիեննեն նաեւ ասաց, որ Ծառուկյանին նախընտրած հարցվածներից հետաքրքրվել են, թե նրանց նախընտրած երկրորդ թեկնածուն ով է, նրանցից 36 տոկոսը Ծառուկյանի չառաջադրվելու դեպքում ասել են՝ կընտրեն Սերժ Սարգսյանին, 13 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 4 տոկոսը Լեւոն Տեր-Պետրոսյանին, 18 տոկոսը այլ թեկնածուի, իսկ 20 տոկոսը պատասխանել է ՝ չգիտեմ:

Դեկտեմբերի 5-16-ը «Gallup» կազմակերպության անցկացրած հարցումները նախաձեռնել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31