Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը՝ Մհեր Սեդրակյանի միջադեպի մասին. «Չեղած տեղից՝ մի փուչիկ եք սարքում»

Դեկտեմբեր 20,2012 15:40

Այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրած ասուլիսում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջադեպի հետ կապված ցնցող մեկնաբանություն տվեց՝ ասելով, որ մենք մի փոքր բանից մեծ աղմուկ ենք բարձրացնում. «Ինչքան ես գիտեմ, դա անձնական հարաբերությունների հետեւանք էր, բայց բոլոր դեպքերում՝ խմբակցության ղեկավարությունը, ինչպես գիտեք, ներողություն խնդրեց եւ ափսոսանք հայտնեց՝ այդ դեպքի հետ կապված: Եվ ես չեմ կարծում, որ եթե երկու անձ ինչ-որ տեղ վիճաբանեն, դա պետք է տարածել ամբողջ ժողովրդի անապահով զգացողության վրա»:

Ըստ նրա, ապահով Հայաստան ասելով՝ ՀՀ նախագահը նկատի է ունեցել արտաքին հարաբերությունները, ներքին քաղաքականությունը, կրիմինալ իրավիճակի նվազեցումը, տնտեսական կայունությունը. «Իհարկե, միջադեպեր, տգեղ պահվածք կարող են լինել, բայց դրանով չի պայմանավոված մեր երկրի ապագան»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ որեւէ պատասխանատվություն ՀՀԿ-ն չի՞ կրում իր գործընկերոջ նման պահվածքի համար եւ արդյոք դուք, մեջբերելով նախագահի ճառը ամենաթողության եւ անպատժելիության վերջի մասին, չե՞ք պատրաստվում միանալ մեր նախաձեռնած ստորագրահավաքին՝ Հովիկ Աբրահամյանին ուղղված: Նա պատասխանեց. «Եթե խոսքը քաղաքական պատասխանատվության մասին է, ապա ֆրակցիայի ղեկավարությունը ներողություն խնդրեց այդ միջադեպի համար»: Մենք ճշտեցինք՝ բավարարվենք դրանո՞վ՝ նա նետեց. «Ես հասկանում եմ ձեր թերթի ձգտումը այս միջադեպից, դրանից սարքել մեծ փուչիկ եւ սարքել աշխարհացունց իրավիճակ: Խնդրեցին ներողություն՝ մեկ, ինչը մինչեւ այդ չի եղել: Նախկինում բազմաթիվ անգամ բազմաթիվ պատգամավորներ նման միջադեպեր են արել, ոչ մեկ ոչ մեկից ոչ մի անգամ ներողություն չի խնդրել: Սա առաջին դեպքն է, որ երկրի իշխանությունները պատասխանատվություն վերցրեցին եւ ներողություն խնդրեցին: Կա դրա համար օրենք եւ Սահմանադրություն: Կա Քրեական օրենսգիրք, Քաղաքացիական օրենսգիրք: Մնացյալը ոչ թե քաղաքական պատասխանատվության հարց է, այլ իրավական: եթե տուժողն ունի խնդիր, կամ դուք էլ միասին, եթե ձեզ համարում եք տուժող, կարող եք դիմել իրավապահ մարմիններին: Մնացյալը՝ կան լոկալ դեպքեր եւ կա ընդհանուր տենդենց՝ դա, իհարկե, հարգանքն է լրագրողի հանդեպ, ազատ խոսքի հանդեպ: Ես լսել եմ, որ մի փոքր այդպես սուր խոսակցություն է եղել՝ այդքանը»:

Մենք ճշտեցինք՝ հակասություն չե՞ք տեսնում ՀՀ նախագահի՝ քաղաքացու հետո Դուք-ով խոսելու հորդորի եւ պատգամավորի այդ պահվածքի միջեւ՝ նա վստահեցրեց, որ մենք չեղած տեղից մի փուչիկ ենք սարքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31