Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սերնդի ընտրակեղծիքներ, կամ ավելի քաղաքակիրթ ձևերով են կեղծում

Դեկտեմբեր 20,2012 15:26

ԱՄՆ-ում գործող Policy Forum Armenia (PFA) միջազգային հետազոտական կազմակերպությունը ներկայացրել է հատուկ զեկույց «Հայաստանի 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները» խորագրով: Զեկույցում նշված է. «Իրական ընտրական բարեփոխումները Հայաստանում կրկին խափանվեցին, պարզապես այս անգամ զոհ դառնալով ավելի հնարամիտ և լավ թաքցված կեղծարարության միջոցների»:

Զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ «ՀՀ իշխանությունները ընտրակեղծիքներին նոր տեսք են հաղորդել: Հմտորեն թաքցվող ընտրակեղծիքների միջոցների և մեխանիզմների շարունակական կատարելագործումը արտաքին դիտորդների համար դժվարացնում են կեղծիքների կոնկրետ դրսևորման վերհանումն ու արձանագրումը: Սա ընտրակեղծիք 2.0 է (նոր սերնդի ընտրակեղծիք)»:

Արդյոք զեկույցում ներկայացվա՞ծ է ՀՀ օբյեկտիվ իրականությունը, այս մասին հետաքրքրվեցինք իրավապաշտպան Ավետիք Իշխանյանից: Նա լիովին համաձայնեց ներկայացված տեսակետների հետ և հավելեց. «Համաձայն եմ: Քվեարկության օրը դժվար է բացահայտումներ անել: Միայն կարող ես արտաքին դիտորդությունով նկատել այնպիսի բաներ, որոնք չես կարող ապացուցողական համարել:  Օրինակ՝ ավտոբուսներով մարդկանց բերելը: Այնպիսի կեղծիքներ, որ լինում էին նախկինում՝  բռնություններ, լցոնումներ, արձանագրութունների փոփոխություններ, կեղծումներ, հիմա դրանք չեն լինում: Հիմա ավելի քաղաքակիր մեթոդներով են կեղծում: Օրինակ՝ Արաբկիրում, երբ դիտորդություն էինք անում, պարզվեց, որ ՍԱՍ-ի ցանցից բազում մարդիկ ՀՀ տարբեր մասերից գրանցումներ ունեն տարբեր տեղերում: Այսինքն՝ այնպիսի տեխնոլոգիաներ են կիրառում, որ դրա համար գաղտնի ցուցակներ պիտի ունենաս, այլ տվյալներ ունենաս, որ կարողանաս բացահայտել: Նոր սերնդի ընտրակեղծիքներ դիտարկումը հետաքրքիր դիտարկում է»:

Պարոն Իշխանյանը նկատեց, որ ՀՀ ընտրությունների կազմակերպման հետ կապված, պատմությունը ցույց է տալիս, որ ամեն անգամ կեղծիքներից հետո հերթական հաջորդ ընտրությունների համար ընտրական օրենսգրքի փոփոխություն է կատարվել: Պարոն Իշխանյանը երևույթը համեմատեց միջուկային զենքից պաշտպանվելու միջոցների հետ, երբ բազմաթիվ ապաստարաններ էին ստեղծվում դրանից պաշտպանվելու համար: Ամփոփելով Ա. Իշխանյանը նշեց, որ պարզապես միջուկային զենք պետք չէր ստեղծել, ինչպես և պետք չէր ստեղծել ընտրակեղծիքներ:

Մեր այն հարցին, թե այս համատեքստում առաջիկա նախագահական ընտրություններին ի՞նչ նոր ընտակեղծիքներ կգործարկվեն, պարոն Իշխանյանը ի պատասխան նշեց, որ գործի կդրվեն արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ փորձարկվածները, քանի որ հասարակությունը դրանց դեմ դեռ ապաստարաններ չի գտել: Խոսելով պատճառների մասին՝ մեր զրուցակիցը նկատեց. «Պատճառը Հայաստանի ոչ իրավական պետություն լինելն է, այն, որ իրավապահները, դատական իշխանությունը անկախ  չեն: Հակառակ դեպքում այս ամենի կարիքը չէր լինի, քանի որ իրավական պետություն նշանակում է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31