«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններն ունեն սխալ մեկնաբանության խնդիր: «Հենարան» ակումբում այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ Փաստաբանների պալատի Խորհրդի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը:
Ըստ նրա, օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված արգելքն առ այն, որ դատական ներկայացուցչությունը՝ որոշ բացառություններով, կարող է իրականացնել միայն փաստաբանը, ըստ էության նորություն չէ, մինչ փոփոխություններն էլ օրենքն ամրագրում էր, որ դատական ներկայացուցչությունը որպես ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն փաստաբանը: Քրեական դատավարության օրենսգրքով այս խնդիրը լուծված է 1998թ.-ից, իսկ օրենսգրքի 2007թ. փոփոխություններով ամրագրվել է նաև, որ վկան կարող է ներկայանալ փաստաբանի հետ և այլն:
Ն. Բաղդասարյանը պարզաբանեց, որ ոչ փաստաբանի վրա չեն տարածվում փաստաբանի վարքագծի կանոնները: Եղել է դեպք, երբ ոչ փաստաբան հայցվորի ներկայացուցիչը, վերջինիս գաղտնիքներն իմանալով, անցել է պատասխանողի կողմը և որևէ լծակ չի եղել քաղաքացուն նրանից պաշտպանելու համար:
Իսկ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը գտնում է, որ «Փաստաբանության մասին» օրենքի փոփոխությունը շատ լավն է, սակայն «մենք մի փոքր շտապեցինք»: Փոփոխությունն արժեր կատարել 3-4 տարի հետո, երբ փաստաբանների թիվը կդառնար 3000-4000-5000՝ ներկայումս առկա 1300-ի դիմաց, իսկ մինչ այդ չարժեր փակել շատ իրավապաշտպանների ճանապարհը. նրանք փաստաբաններից շատ գործ են անում:
Կարդացեք նաև
Հայկական Կարմիր Խաչի նախագահի իրավական հարցերով խորհրդական Վրեժ Վասիլյանը փոփոխության հակառակորդների թվում է: Ըստ նրա, փաստաբանների մոնոպոլ իրավունքներով խախտվում են իրավաբանների իրավունքները, այդ թվում՝ սոցիալական, և առկա է արտագաղթի նոր ալիքի վտանգ:
Ըստ նրա, փաստաբան դառնալու իրավունք ընձեռող Փաստաբանական դպրոցում ուսուցումը շատ թանկ է՝ 400 000 դրամ: Ն. Բաղդասարյանը հակադարձեց՝ ասելով, որ համեմատած բուհում ուսուցման մեկ տարվա հետ, վճարը կրկնակի էժան է, և դասախոսներն էլ դասավանդման համար կրկնակի բարձր գումար են ստանում՝ 8000 դրամ մեկ ժամվա համար՝ բուհի դասախոսին տրվող 4000 դրամ ժամի համար աշխատավարձի դիմաց: