Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը խոսեց դեկտեմբերի 3-14-ը Դուբայում կայացած միջազգային հեռահաղորդակցությանը նվիրված կոնֆերանսի արդյունքների մասին:
Սաղյանի փոխանցմամբ՝ 1988 թվականին պետությունները ստորագրել էին մի համաձայնագիր միջազգային էլեկտրակապի կարգավորման վերաբերյալ եւ քանի որ պայմանագիրը հին էր ու դրան ոչ մեկ էլ չէր հետեւում, չնայած ինտերնետի հետ կապված բոլոր հարցերը այսօր շատերի ուշադրության տակ է, ապա որպեսզի հասկանալ, թե ինչպես կարգավորել ինտերնետը եւ կառավարելի դարձնել այն համաշխարհային մասշտաբով, նախաձեռնվեց այդ կոնֆերանսը, որը պետք է փոխեր վերոնշյալ պայմանագիրը:
«Անցյալ տարվանից սկսեց գործել աշխատանքային խումբ հեռահաղորդակցության միջազգային միության մեջ, որն էլ սկսեց հավաքել առաջարկներ բոլոր երկրներից, այն մասին, թե ինչպես պետք է փոխել այդ պայմանագիրը: Աշխատանքային խումբը հավաքել էր 1275 առաջարկ, հիմնական առաջարկները, որոնք առաջ էին քաշվում, հետեւյալն էր՝ այդ պայմանագիրը պարտադիր դարձնել բոլորի համար, տալ ինտերնետ ցանցի սահմանումը, որովհետեւ, եթե սահմանում կա՝ կարելի է այն կարգավորել: Առաջարկվում էր նաեւ տալ «սպամի», խարդախության սահմանումը եւ համապատասխանաբար պայքարել դրա դեմ, ինչպես նաեւ՝ պայմանագրում նշել, թե ինչպես կարելի է արգելափակել կայքերի հասանելիությունը, սահմանել, թե ինչ է նշանակում տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաները, քանի որ մինչեւ այժմ այդ տերմինն օգտագործում են, բայց ոչ մեկ չգիտի թե դա ինչ է»,-ներկայացրեց Սաղյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով ընդհանուր առմամբ՝ ձգտումն այն է, որ այդ պայմանագրում գոնե մեկ անգամ ինտերնետ բառը նշվի, որովհետեւ դա թույլ կտար տարածել միջազգային պայմանագրի նորմերը ազգային օրենսդրության վրա: Սաղյանի փոխանցմամբ՝ պայմանագիրը պարտադիր չէր կատարման համար, բայց կազմակերպված միջոցառման համար 1600 հոգի 12 օր աշխատել էր: Ըստ նրա՝ ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ ազգային օրենսդրության սահմանափակումները հնարավոր դարձնել, որ նրանք այդ սահմանափակումներն իրականացնեն միջազգային պայմանագրից ելնելով, այսինքն՝ հղում տալով պայմանագրին:
Իսկ թե ինչպես էր Հայաստանը պատրաստվել այդ կոնֆերանսին՝Սաղյանը նշեց. «Պետություն-հանրություն համագործակցությունը արդյունավետ էր. երբ տեղեկատվություն ստացանք այդ առաջարկի մասին, «Ինտերնետ հանրություն» հկ-ն նախաձեռնեց այդ փոփոխությունների վերաբերյալ իր կարծիքի տարածումը: Հավաքվել են կարծիքներ, խմբագրվել, վերանայված տարբերակն ուղարկվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն, որն իր հերթին նույնպես տարածել է պետական մարմինների միջեւ, նույնպես հավաքել կարծիքներ: Նախարարությունը կազմակերպեց մի քննարկում, որտեղ ձեւավորվեց Հայաստանի դիրքորոշումը Դուբայում կայացած կոնֆերանսի վերաբերյալ»,- ասաց Սաղյանը հավելելով, որ Հայաստանի դիրքորոշումը համապատասխանում է այսօրվա պահանջներին. այսինքն՝ ինտերնետի, բովանդակության հետ կապված վերահսկում չպետք է լինի, օպերատորներն իրավունք չունեն առնչվելու, նայելու, թե ինչ է անցնում իր ցանցով եւ այլն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ