Այսօր «Տեսակետ» ակումբում Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը խոսելով աշխարհի վերջի հետ կապված հնարավոր տիեզերական աղետներից` նշեց, որ բացի մայաների օրացույցի երեւակայական ավարտից, աշխարհի վերջը կապում են մի շարք աստղագիտական երեւույթների հետ, մասնավորապես` մոլորակների շքերթ, Արեգակի ակտիվություն, Երկրի առանցքների շրջադարձ: «Դրանց մեծ մասը հորինվածք է. մոլորակների շքերթ, ցավոք, չի սպասվում, դա շատ գեղեցիկ տեսարան է, որը աստղագուշակները միշտ փորձում են չարաշահել: Երեւույթը մարդկության վրա ոչ մի ազդեցություն չի թողնում: Իրականում մոլորակները պրոյեկցիայով են իրար մոտ դիտվում, ոչ թե իրականում են մոտենում իրար: Երկիրը չի կարող իր բեւեռներով շրջվել: Ըստ երկրաբանների, երբեմն հնարավոր է մագնիսական բեւեռների փոփոխություն, բայց դա չի նշանակում, թե Երկիրը ֆիզիկապես շրջվելու է: Ինչ վերաբերում է Արեգակի ակտիվությանը, այն տեղի է ունենում 11 տարին մեկ անգամ: Դա սպասվում է մոտ 2013թ. գարնանը, հետեւաբար` այն մի փոքր մոտ է ճշմարտությանը: Այս տարի էլ Արեգակի վրա գրանցվեցին բազմաթիվ բռնկումներ, որոնք շատ թե քիչ կարող են մարդկանց առողջության վրա ազդեցություն թողնել: Հայտնի է, որ գեոմագնիսական փոթորիկները կարող են շարքից հանել էլեկտրակայանները: Այդ ամենը լուրջ է, բայց չի նշանակում աշխարհի վերջ»,-ասաց Արեգ Միքայելյանը:
Նրա խոսքով. «Երկրի վրա բազմաթիվ աղետների հնարավորություններ կան. մարդն իր գործունեությամբ հանգեցնում է նրան, որ կարող է բնաջնջել ինքն իրեն: Մարդկության կործանման հնարավոր տարբերակներից են էկոլոգիական աղետները, պատերազմները: Բացի այդ, վերջին տասնամյակում մարդիկ ինտենսիվ աշխատում են «արհեստական ինտելեկտ», այսինքն` մտածող ռոբոտ ստեղծելու ուղղությամբ: «Արհեստական» ինտելեկտը կգերազանցի, անգամ, հնարավոր է` ստրկացնի մարդուն: Առայժմ բոլոր համակարգիչները եւ ռոբոտներն անում են այն, ինչ մենք ենք ուզում, բայց պատկերացրեք` ինչ կլինի, եթե անեն այն, ինչ իրենք են ուզում: Այնպես որ, մարդկության վերացման ռեալ պատճառներ շատ կան, պարզապես մարդը պետք է խելամիտ գտնվի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ