Լրահոս
Օրվա լրահոսը

Հնագույն բամբիռը՝ նոր ֆիլմում

Դեկտեմբեր 20,2012 13:53

Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի «Հնագույն նվագարաններ» նախագծի 5-րդ ֆիլմի՝ «Բամբիռի» շնորհանդեսը:

Նախորդ ֆիլմերն են՝ «Ծիրանի փող», «Քամանչա», «Քանոն», «Պարկապզուկ»:

Նախագծի հեղինակ եւ «ՀայԱրտի» տնօրեն Ռիտա Շառոյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ 5 ֆիլմերի աշխատանքների ընթացքում ոչ միայն տվյալ, այլեւ մյուս ավանդական նվագարանների մասին տեղեկատվություն է հավաքվում: «Պարզվում է՝ մեր ավանդական նվագարանները կիրառություն են ունեցել բազմաթիվ ոլորտներում՝ կենցաղային, ծիսական, եկեղեցական, աշխարհիկ, ռազմական: Դրա ապացույցներից են թե հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները, թե միջնադարյան մանրանկարները: Ինչ վերաբերում է բամբիռին, այն բացառիկ գործիքներից է, որ գալիս է մեր պատմության խորքերից; Բամբիռի մասին հիշատակումներ կան Խորենացու, Բուզանդի, Նարեկացու, Ալիշանի մոտ, բայց ոչ մի պատկեր բամբիռի արտաքին տեսքի, չի հանդիպել ոչ գտածոների, ոչ մանրանկարչության մեջ: Այս իմաստով դժվար էր այդ գործիքը ներկայացնելը, սակայն ինչքան դժվար եղավ, կարծեմ ֆիլմը այնքան հետաքրքիր ստացվեց»,- նշում է տիկին Շառոյանը: Ասում է, որ նվագարանագիտական ուսումնասիրություն անելու հավակնություն չունեն, եւ ֆիլմի նպատակը եղել է այդ նվագարանը ներկայացնելը. «Այսօր նվագախմբերում եւ մենակատարային արվեստում բամբիռը կա՝ նոր տեսքով: Ասում են՝ ժամանակին աղեղնային չի եղել, մինչդեռ հիմա աղեղնային է: Մենք «Բամբիռ» ֆիլմով նպատակ ենք ունեցել ապրեցնել գործիքը: Վստահ եմ՝ ֆիլմը նայելուց հետո ամեն մարդ կհեռանա դահլիճից այն մտայնությամբ, որ բամբիռը կապրի այնքան ժամանակ, որքան կապրի իրեն ստեղծող ժողովուրդը»:

Հնագույն նվագարանների մասին ֆիլմերի հեղինակին խնդրեցինք մեկնաբանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից թառը որպես ադրբեջանական նվագարանի գրանցելու փաստը, ինչը հարուցել էր մասնավորապես իրանցի երաժշտագետների զայրույթը: Նրանք պնդում են, որ թառը արեւելյան նվագարան է եւ ոչ թե՝ ադրբեջանական: «Ես համամիտ եմ իրանցիների այն կարծիքի հետ, որ ավանդական ժողովրդական նվագարանների պարագայում հայտնի չէ, թե առաջին փայտ տաշողը որ ժողովուրդն է եղել, կամ առաջին նվագողը ով է եղել: Ժողովրդական գործիքները բնորոշ են կոնկրետ տարածաշրջանի ժողովուրդներին: Ազգագրագետներն ու արվեստաբաններն էլ դրանք դիտարկում են իբրեւ արեւելյան նվագարաններ: Կարեւորը ոչ թե այն է, թե որ ժողովուրդն առաջինը այդ փայտը տաշեց, այլ այն, թե ով նվագարանը զարգացրեց, քաղաքակրթության բերեց ու հասցրեց մեր օրերը»,- պատասխանեց «ՀայԱրտի» տնօրենը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31