Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դուրյան ընտանիքը երգչուհուն հնաոճ զարդ նվիրեց

Դեկտեմբեր 20,2012 13:49

Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Մագդա Մկրտչյանը օրերս մեր իրականության համար անսովոր մի «պարգեւի» արժանացավ՝ Օհան Դուրյանի ընտանեկան «գանձարանից» նվեր ստանալով թանկարժեք զարդ:

«Առավոտի» հետ զրույցում Մագդա Մկրտչյանը նշեց, որ Դուրյան ընտանիքի հետ իր մտերմությունը շուրջ 10 տարվա պատմություն ունի, հետո էլ ասաց. «2000թ. սկսնակ երգչուհիս մաեստրոյի կողմից ստացավ հրավեր՝ հանդես գալու Լեոնորայի դերերգով՝ Վերդիի «Տրուբադուր» օպերայում: Մեծանուն դիրիժորի կողմից այս վստահությունն ինձ պարզապես շոկի մեջ էր գցել: Մյուս կողմից էլ՝ ուժ էին տալիս նրա խոսքերը, որ ես կարող եմ ու պիտի երգեմ: Իհարկե, խորհրդային տարիներին օպերային թատրոնում ռեժիսոր Նորայր Սարգսյանի բեմադրած «Տրուբադուրը», որ վերականգնեց դուստրը՝ Մարինան, իսկապես հաջողված էր: Ճակատագիրը ինձ մեծ նվեր էր արել, որ պետք է շարունակեի մասնակցել Դուրյանի ղեկավարությամբ այլ նախագծերի, այդ թվում՝ օպերային թատրոնի եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ համատեղ Վագների «Տրիստան եւ Իզոլդայում» կատարելով Իզոլդայի արիան, Վերդիի «Ռեքվիեմում», լինելով լիրիկո-դրամատիկ սոպրանո, բայց Դուրյանի պնդմամբ կատարելով մեցցո սոպրանոյի պարտիան, ի վերջո՝ առաջինը ձայնագրվելով Դուրյան կոմպոզիտորի 13 ռոմանսները…»:

Ընտանեկան գանձարանից զարդը հիշատակ ստանալու առթիվ էլ Մագդա Մկրտչյանը հայտնեց. «Մաեստրոյի այրին՝ տիկին Ալիսը եւ Դուրյան ընտանիքի բարեկամ, մասնագիտությամբ բժիշկ Վահան Վարդապետյանը վերջերս հրավիրեցին տուն ու հանձնեցին հնաոճ շքեղ զարդը՝ թանկարժեք քարերով: Տիկին Ալիսն ասաց, որ այդ մատանին ժամանակին իր երգչական կարիերայի սկզբից եղել է թալիսման ու յուրաքանչյուր բեմելին ուղեկցել իրեն: Նշեց նաեւ, որ զարդն ինձ կպաշտպանի չար աչքից եւ, որ ամենակարեւորն է, այս նվիրատվությունը մաեստրոյի ցանկությունն է»:

«Առավոտը» կապվեց Ալիս Դուրյանի հետ: Տիկին Ալիսն ասաց. «Այն, որ Մագդան օժտված է վագներյան ու վերդիյան ձայնով՝ դա ակնհայտ է: Իհարկե, մեր օպերայի մեներգչուհին ներկայացել է նաեւ Ռուսաստանում, եվրոպաներում ու ամերիկաներում, բեմ բարձրացել ճանաչված սրահներում, համագործակցել հայտնի դիրիժորներ Ջուզեպպե Սաբատինի, Մարիո Մերիգոյի եւ մյուսների հետ, արժանացել է «օպերային դիվա» Ելենա Օբրազցովայի բարձր գնահատականին, բայց թող այդ փոքրիկ զարդը նրան բերի անձնական երջանկություն եւս եւ, որ ամենակարեւորն է՝ զգա մայրության բերկրանքը»: Հետաքրքրությանը, թե Դուրյանի հետ սերտ համագործակցություն են ունեցել նաեւ երգչուհիներ Իրինա Զաքյանը, Նունե Բադալյանը…, նրանցից մեկին ժամանակին քարկոծել են հենց մաեստրոյի հետ ստեղծագործական մտերմություն ունենալու առիթով, գուցե նվիրատվությունները լինեն շարունակակա՞ն, տիկին Ալիսը, առանց անուններ հայտնելու, նշեց, որ իբրեւ թանկարժեք նվեր Մագդային նվիրած զարդը առաջինն էր, սակայն բեմական զգեստներ, բիժուտերիա եւ այլ աքսեսուարներ նվիրել է նախկինում. «Ինչ վերաբերում է թանկարժեք հիշատակ-նվերին, իհարկե, արժանի արվեստագետներ կան…»:

Հարցին՝ Դուրյանի՝ այս տարի 90-ամյա հոբելյանի առիթով ինչո՞ւ պետական որեւէ միջոցառում չեղավ, դիրիժորի այրին պատասխանեց, որ ամուսնու հոբելյանը նշել են միայն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ազգային գրադարանը եւ մի քանի դպրոցներ ու քոլեջներ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31