Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավայրում խաչքար տեղադրվեց Լենինի արձանի տեղում

Դեկտեմբեր 20,2012 13:47

Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ՔԿՀ բաժնի հոգեւոր պատասխանատուն է, ի թիվս այլ հոգեւորականների՝ նա եւս այցելում է քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ): «Առավոտի» հետ զրույցում հայր Ռուբենն ասում է, որ դատապարտյալների հոգեւոր խնամքը

Վեհափառի ուշադրության կենտրոնում է. «Ես երկու տարի առաջ էր, որ ծառայության կոչվեցի այդ ոլորտ: Սկզբում անսպասելի էր, բայց մտածեցի, որ Տիրոջ կամքն է այդ ոլորտում ծառայության անցնելը եւ Տերն էլ կօգնի: Սկզբունքը հետեւյալն է՝ դատապարտյալները չեն կարողանում գալ եկեղեցի, մե՛նք ենք գնում նրանց ընդառաջ: Բացի դրանից, որպես հոգեւորական, չենք կարող անտեսել Քրիստոսի խոսքը, որ ուղղված է իր աշակերտներին. «բանտում էի, եկաք ինձ տեսնելու»:

Մեր զրուցակիցը նշում է, որ 3-4 ՔԿ հիմնարկներ Մայր Աթոռի կողմից արդեն ապահովվել են Ավետարաններով՝ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համատեղ, կանադահայ Մուրադ Կարագաշյանի ֆինանսավորմամբ: Ավետարանների տրամադրումը ՔԿ հիմնարկներին շարունակվում է: Հոգեւորականը նշում է, որ այլ կրոնական ուղղությունների հետեւորդները նորմալ են վերաբերվում քահանայի ներկայությանը կալանավայրում, իսկ Եհովայի վկաների հետ շփումը չի ստացվում՝ հայր Ռուբենը դա համարում է անօգուտ, սիզիպոսյան աշխատանք:

Նրա խոսքով, շատ կարեւոր է, որ դատապարտյալը վստահի հոգեւորականին ու զգա, որ նա պատրաստակամ է իրեն լսել եւ օգնել. «Իրենք արդեն մեղադրյալ են, եւ մեկ անգամ եւս իրենց մեղադրել չի կարելի, իմաստ չունի նաեւ դավանաբանություն բացատրել: Դատապարտյալների հետ հանդիպումների եւ զրույցների ժամանակ հետաքրքրվում ենք, թե ինչի՞ մեջ են մեղադրվում, ի՞նչ հոդվածով են դատված, եւ փորձում ենք սկզբնական շրջանում խոսել հենց այդ հանցանքի վերաբերյալ: Աստված ինչպե՞ս է նայում այդ հանցանքին, ինչպե՞ս կարելի է շտկել այն»:

Հոգեւորականը հավաստիացնում է, որ դատապարտյալների խոստովանությունները հատկապես ակտիվանում են Մեծ պահքի շրջանում. «Կալանավայրերում հետեւում են Մեծ պահքին, պահք պահելուց հետո հրավիրում են, որ Սուրբ Հաղորդություն ստանան: Ի դեպ, մի մասը չգիտի, թե ինչ է Սուրբ Հաղորդությունը: Նաեւ այս մասին ենք գիտելիքներ տալիս: Հավելեմ, որ գնալով ավելանում է ազատազրկման վայրում գտնվող մկրտվողների թիվը. վերջին 2 տարում շուրջ 200 դատապարտյալ է մկրտվել: Ոմանք էլ ցանկություն են ունենում դուրս գալուց հետո մկրտվել: ՔԿՀ-ներում առիթ ենք ունեցել պսակի արարողություն անելու: Օրինակ՝ մեկը 2011-ի ամռանն էր՝ Հրազդան ՔԿՀ-ում, աղջիկը դրսից եկավ, երկուսին էլ կնքեցինք ՔԿՀ-ում եւ արեցինք պսակի արարողություն, իրենք քաղաքացիականով պսակված էին: Մի քանի օր առաջ եւս նման մի խնդրանք ենք ստացել, դատապարտյալների հիվանդանոցում էլ պսակ ունենք»:

Հայր Ռուբենը փաստում է, ՔԿՀ-ներում իրականացրած հոգեւոր ծառայության ընթացքում պարզել են, որ հանցագործություն կատարողների զգալի մասը առողջ ընտանեկան մթնոլորտում չի մեծացել, ծնողական սեր եւ գուրգուրանք չի ստացել: Սա հանցագործություն ծնող պատճառներից մեկն է. «Դատապարտյալների հետ ընտանիքի վերաբերյալ թեմաներ ենք քննարկում, հարցնում ենք՝ կալանավորվելը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ իր ընտանեկան դրության, երեխաների վրա, հաճախ մեր գործը մի փոքր էլ ընդարձակվում է, քանի որ դատապարտյալների ընտանիքների հետ էլ ենք շփվում»:

Հոգեւորականը տեղեկացրեց, որ սկսել են դատապարտյալների ընտանիքներին աջակցության ծրագիր իրականացնել. «Կլոր սեղանի» միջոցով ամերիկյան մի կազմակերպությունից ստացել են մոտ 15 տոննա ապրանք (հիգիենիկ միջոցներ, գրենական պիտույքներ, վերմակներ, մանկական փաթեթներ): Բաշխումը, որ դեռ ընթացքի մեջ է, կատարվում է թեմական քահանաների միջոցով՝ դատապարտյալի ընտանիքներ այցելելու, տնօրհնեք կամ աղոթք կատարելու եղանակով: Շուրջ 500 ընտանիքի արդեն բաշխվել է այդ օգնությունը: Նրա հաշվարկներով, կալանավայրերում հոգեւոր խնամք ստացածների 1-2%-ն է հետագայում կալանավայր վերադառնում. «Օրինակ, ովքեր որ գտնվել են մեր հոգեւոր խնամքի ներքո, կալանքից ազատվելուց հետո 20-30 հոգուց մեկն է վերադարձել բանտ»:

Նա հայտնեց, որ 3 ՔԿՀ-ում (Էրեբունի, Կոշ եւ Արթիկ) օծված եկեղեցի է գործում, 5-ում՝ մատուռ, մնացածում՝ խաչքարեր: Առաջիկայում Վարդաշեն ՔԿՀ-ում մատուռ կբացվի, Աբովյանում գարնանը եկեղեցի կկառուցվի, վերջին տարիներին խաչքար է տեղադրվել Գորիս եւ Աբովյան ՔԿՀ-ներում:

Հայր Ռուբենը պատմեց, որ «Աբովյան ՔԿՀ-ում խաչքարը տեղադրվել է մի պատվանդանի վրա, որտեղ նախկինում կանգնած է եղել Լենինի արձանը: Սա շատ խորհրդանշական մի իրողություն է»:

Դառնալով դատապարտյալների ընտանիքների հետ Մայր Աթոռի կապին, հայր Ռուբենը հավելեց, որ այսօր կարիք կա օգնելու դատապարտյալների այն զավակներին, որոնք, նրա ձեւակերպմամբ, «ուսումնառության մեջ գերազանց առաջադիմություն ունեն, սակայն ֆինանսական առումով վտանգված է նրանց կրթություն ստանալու հնարավորությունը»: Այս պահին Մայր Աթոռը վճարում է կրթական հաստատություններում սովորող 3 երեխայի ուսման վարձը:

Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է շփվում կալանավայրերի ստորացված «դասի» հետ, որոնց հետ կոնտակտը ամոթալի է համարվում կալանավայրի մյուս բնակիչների համար: Արդյոք դրանից չե՞ն նեղվում կալանավայրի արտոնյալները: «Հոգեւորականը այցելում է նաեւ նրանց, ես շփվում եմ նմանների հետ, եթե կարիքը կա: Ուղղակի չեմ կարող չշփվել: Եվ հետո չեմ «կիսում» որոշ չափանիշներ ստորացվածների նկատմամբ: Իմ կատարելատիպը Քրիստոսն է, եւ ես փորձում եմ Տիրոջը հետեւել: Իսկ Քրիստոս շփվում էր, օրինակ, բորոտների հետ, որոնք հասարակությունից մեկուսացված էին, իսկ հրեաների ընկալմամբ՝ շփվել բորոտի հետ՝ նշանակում էր պղծվել: Այնինչ Քրիստոս ոչ միայն շփվում էր այդ տեսակի մարդկանց հետ, այլեւ դիպչում նրանց՝ բժշկելով ու կյանք վերադարձնելով: Մենք այս սկզբունքով ենք աշխատում: Միասեռականների նկատմամբ վերապահում ունեմ, այն իմաստով, որ այդ երեւույթը համարվում է ծանր մեղք, մինչդեռ միասեռականները շարունակում են հարատեւել իրենց այդ կենցաղավարության մեջ՝ մնալով անզիղջ: Ընդունելի է այն միասեռականը, որ գիտակցում է իր մեղքը, փորձում դուրս գալ այդ վիճակից եւ ապաշխարել, իսկ նման մարդկանց չօգնել՝ հոգեւորականին ուղղակի չի կարելի»,- պատասխանեց հոգեւորականը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31