Այս տարվա նոյեմբերի 23-ին «Առավոտ» օրաթերթում տպագրվել էր «Բողոքարկվում է առաջին ատյանի գործը» հոդվածը, որտեղ հայտնվում էր, որ Գարեգին Շահվերդյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ նոր երեւան եկած հանգամանքներով՝ առաջին ատյանի Էջմիածնի ժողդատարանի 25.06.1997թ. վճռի դեմ՝ Գարեգին Շահվերդյանից բռնագանձել 16 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ հօգուտ Վաղարշակ Մանուկյանի, բռնագանձումը տարածել Գարեգին Շահվերդյանի՝ Մերձավան գյուղի Այգեգործների թիվ 2 տան եւ հողամասի վրա։
Գ. Շահվերդյանի կողմից 16.11.2012թ. վճռաբեկ բողոք էր ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան: Գ. Շահվերդյանը հայտնում էր, որ Էջմիածնի նոտարական սեղանից ստացել է գրավի պայմանագրի հետ կապված բոլոր փաստաթղթերը, որում առկա է նաեւ Վ. Մանուկյանի 14.06.1997թ. դիմումը նոտարական գրասենյակին, որում Վ. Մանուկյանը հայտնում է, որ Գ. Շահվերդյանից հետ է ստացել նախկինում տված գումարը եւ խնդրում է նոտարական գրասենյակի նոտար Ա. Ավետյանին՝ վերադարձնել Գ. Շահվերդյանին իր տան սեփականաշնորհման վկայագիրը։
30.11.2012թ. Գ. Շահվերդյանը ստացել է Վ. Մանուկյանի կողմից Վճռաբեկ դատարան ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանը, որով խնդրում է Վճռաբեկ դատարանից՝ Գ. Շահվերդյանի բողոքը չընդունել վարույթ, քանի որ Գ. Շահվերդյանը բողոքը ներկայացրել է ժամկետն անց, այսինքն՝ նա տեղյակ է եղել այդ փաստաթղթերի գոյության մասին:
Կարդացեք նաև
Գ. Շահվերդյանը 2008թ.-ից, երբ Էջմիածնի ԴԱՀԿ ծառայությունից տեղեկացվել էր, որ իր սեփական տունը օտարվել է, մինչ օրս բողոքարկում է, եւ բոլոր բողոքներում՝ թե վերաքննիչ, թե Վերաքննիչ վարչական, թե Վճռաբեկ դատարաններ, նշել է, որ ինքը պարտք չէ, որի հիման վրա էլ բողոքարկում է։ Իսկ որպես փաստ այդ մասին Գ. Շահվերդյանը ստացել է Էջմիածնի նոտարական գրասենյակից 02.08.
2012թ. Ա. Ավետյանի՝ իրեն ուղարկված նամակը, որում վերջինս հայտնում է. «Ի պատասխան Ձեր դիմումի՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից պահանջվող փաստաթղթերի պատճենները ստանալու համար խնդրում եմ անձամբ անձնագրով ներկայանալ նոտարական գրասենյակ»։ 17.08.2012թ. անձնագրով ներկայանալով գրասենյակ, նա ստացել է պայմանագիրը եւ պայմանագրին կից փաստաթղթերը, որից հետո երեք ամսվա ժամկետի ընթացքում, ըստ օրենքի, բողոք է ներկայացրել Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ։
Զավեշտն այն է, որ Վ. Մանուկյանը թե վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացնելիս, թե վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացնելիս չի հերքում այն փաստը, որ գումարը ետ է ստացել։ Նա պարզապես դատարաններում խնդրում է, որ Գ. Շահվերդյանի բողոքը չընդունվի վարույթ՝ ժամկետանց լինելու պատճառով։ Չնայած Գ. Շահվերդյանը բողոքը ներկայացրել է թե Վերաքննիչ, թե Վճռաբեկ դատարաններ ճիշտ ժամկետներում եւ հիմա սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը։
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ