Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ ժողովուրդը բավարար պահանջկոտ չէ, նաեւ նախագահը պիտի միջամտի, բայց ոչ «վիրահատական» մեթոդով:
ՀՀ նախագահի՝ Հանրապետական կուսակցության համագումարում հնչած ելույթը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը բավականին գովերգեց՝ այն որակելով անկեղծ: Մասնավորապես, պարոն Մանասերյանին դուր է եկել ՀՀ նախագահի ելույթի այն հատվածը, որտեղ ասվում է՝ շարքային քաղաքացու հետ պետք է «դուքով» խոսել, բացի այս՝ տնտեսագետին դուր է եկել նաեւ այն, որ նախագահը հատկապես նշել է երկրի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները. «Նախագահն իր ելույթում անդրադարձավ, որ Հայաստանը պետք է լինի ոչ միայն ազատ, այլեւ արդար: Ինձ համար կարեւոր է, որ արդարություն լինի տնտեսությունում, եթե տնտեսության ոլորտում չլինի արդար մրցակցություն, եւ դա չարտացոլվի մենաշնորհների դեմ պայքարում, փոքր բիզնեսը չի կարող այդ միջավայրում բավարար թթվածին ունենալ՝ կայանալու համար: Մրցակցելու արդարությունն այստեղ համար մեկ խնդիրն է եւ դառնում է իսկապես տնտեսական կատեգորիա, առանց որի նաեւ չի լինի վստահություն»:
«Առավոտը» պարոն Մանասերյանից հետաքրքրվեց՝ ՀՀ նախագահը ի վիճակի՞ է վերացնել մենաշնորհը, եթե հաշվի առնենք, որ մի շարք բիզնեսներում մենաշնորհներ ունեցողները հենց նախագահի թիմակից-մտերիմներն են, եւ զրկելով նրանց մենաշնորհից՝ կնշանակի զրկվել իրեն աջակցող այդ գործարարներից:
Կարդացեք նաև
«Դա շատ ցավոտ հարց է, թե ինչպես կվարվի նախագահը՝ չեմ կարող ասել, բայց այսօր կան խոշոր գործարարներ, որ իր շրջապատում են կամ նախկինում են եղել իր շրջապատում ու այսօր ակամա մրցակից են դարձել քաղաքական դաշտում կամ հակառակորդ են, դրանց եւ ընդհանրապես գործարար միջավայրին պետք է շատ զգույշ մոտենալ: Այսինքն՝ միանգամից վիրահատական մեթոդը միակ ելքը չէ, կան շատ քաղաքակիրթ այլ եղանակներ: Դրանցից տարբեր մեթոդները կիրառվել են հենց մեր հարեւան երկրներում՝ տրվել է ֆինանսական ամնիստիա, ներվել են մինչ օրս արված թերացումները, շորթումները, չվճարումները հարկայինին կամ մրցակցային դաշտում դիրքը չարաշահելու առումով, բայց եզրագծից այն կողմ արդեն պիտի խստացվի: Ինձ համար, որպես տնտեսագետի եւ քաղաքացու, սա միանշանակ է. թե որ մեթոդը կընտրի հանրապետության նախագահը՝ ինձ հայտնի չէ, կարծում եմ՝ կան մեթոդներ, պետք է ձերբազատվել, որովհետեւ այն անկեղծությունը, որ ես նկատում, եմ այնուամենայնիվ, այդ աստիճան մարդ չի կարող 5 տարի ձեւ անել, որ իսկապես նպատակներ է դնում իրագործելու»:
Տնտեսագետի կարծիքով՝ ՀՀ նախագահի թիմում իսկապես խնդիրներ կան, բայց միեւնույն ժամանակ, դրական տեղաշարժեր էլ կան. որպես օրինակ Թաթուլ Մանասերյանը որոշ նախարարություններ նշեց, որտեղ, իր իսկ խոսքերով ասած՝ գալիս են մարդիկ, թեկուզ էպիզոդիկ, որոնք ունեն բավարար պատրաստվածություն եւ դրսի կրթություն, բավականին լավ մոտեցումներ ունեն. «Բայց սրանց կողքին կան նաեւ սովետական մինիստրներ, որոնց թվում է, որ ամեն ինչ կաբինետից պիտի ղեկավարվի: Այսօր մենք այնպիսի մի ժամանակահատված ենք ապրում, որ պիտի հասկանանք՝ այն, ինչ որ կա, ճի՞շտ մեկնակետից է սկսվել: Երբ ասում են՝ մի երկու սերունդ մեզ պետք է, որպեսզի փոխենք այս ամեն ինչը, ես ասում եմ՝ իսկ մենք սկսե՞լ ենք այն ճիշտ զրոյական կետից, թե՞ չէ: Լեհաստանը փայլուն օրինակ է, մի քանի սերունդ չպահանջվեց, նա այսօր լավագույն երկիրն է, Եվրամիության մեջ լինելով նոր անդամ երկիր՝ միակն էր, որ արձանագրեց տնտեսական աճ գլոբալ ֆինանսական ճգնաժամի տարիներին: Պատճառն այն է, որ ճիշտ տեղից սկսեցին, մի քանի սերունդ չպահանջվեց»:
Տնտեսության մեջ մենաշնորհների գոյության մեղքի մի մասն էլ տնտեսագետը բարդեց հասարակության վրա՝ տեսակետ հայտնելով, որ բավարար պահանջկոտություն չի ցուցաբերվում. ասենք՝ այս կամ այն խնդրի առնչությամբ կառավարության շենքի առջեւ կամ նախագահականի մոտ ընդամենը էպիզոդիկ պահանջներ են ներկայացվում. «Ինչո՞ւ դա չի վերածվում մի հատ ընդհանուր պահանջկոտության, ամենօրյա եւ բոլորիս կողմից, որպեսզի ստիպենք, որպես հարկատու, որ մեր կամքին հակառակ չգնա այդ ամեն ինչը»: Մեր այն հարցին՝ արդյոք դա բավարա՞ր է, հատկապես, որ մեծամասշտաբ ցույցեր եղել են, եւ բոլորս էլ գիտենք՝ ինչով են ավարտվել, արդյոք հենց երկրի նախագահի մակարդակո՞վ չպիտի վերջը դրվի մենաշնորհների, պարոն Մանասերյանն ասաց. «Իհարկե, անպայման այդպես պիտի լինի, քաղաքական կամք ասելով՝ ես դա էլ նկատի ունեի: Հենց էդպես պիտի լինի, բայց մի բան էլ պիտի հաշվի առնել. ընդունենք՝ այսօր շաքարավազ ներկրողը Սամվել Ալեքսանյանն է, այդ մարդուն հանեցինք դուրս կամ ասացինք՝ դու մենաշնորհային կարգավիճակով չպիտի գործես, բայց նա արդեն հասել է այն տեղը, որ եթե մենք ձեզ հետ միավորվենք ու սկսենք շաքարավազ ներկրել, միեւնույն է՝ այդ գնով չենք կարող ներկրել, մեզ դա չեն տա իրացման համար, ինչպես իրեն են տվել: Այսինքն՝ սա տարիների պատմություն է, ա՛յն իշխանություններն են նրան բերել ու ասել՝ դե, զբաղվիր այդ գործով: Ո՞ւմ ծոցում ծնունդ առավ այդ մենաշնորհը, եկեք ճիշտը խոսենք, 90-ականներին, ամենաթողությունը այն ժամանակ էր»:
Մեր այն դիտարկմանը, որ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նախկինում ավելի խիստ էր քննադատում իշխանություններին, իսկ այսօր՝ ոչ, տնտեսագետն այսպես արձագանքեց. «Ես օբյեկտիվ եմ՝ եւ լավն եմ տեսնում, եւ վատը: Վատն էլ եմ ասում, երեւի վարչապետ Տիգրան Սարգսյանի ամենաանցանկալի մարդկանցից մեկը ես եմ»: «Երեւի Հրանտ Բագրատյանն է»,- մեր այս դիտարկմանն էլ պարոն Մանասերյանն ասաց. «Հազար ներողություն եմ խնդրում, բայց որ մասնագիտորեն նայում ենք, Բագրատյանի ասածների տակ առանձնապես լուրջ նստվածք չկա, ուղղակի կառավարությունը չունի այն մարդկանց, որոնք լուրջ երկխոսեն ու Բագրատյանի փորձառությունը օգտագործեն, եւ ոչ միայն Բագրատյանի: Եթե կառավարությունը մի քիչ հեռատես լինի, քաղաքական ուժերի՝ դաշնակների, ՀԱԿ-ի, հնչակյանների, սփյուռքի պոտենցիալը, որը հսկայական ուժ է, «network», կբերի ու կօգտագործի, ինչը չի արվում»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ