Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա կարո՜ղ է, ձեր ասածը պիտի անեինք»

Դեկտեմբեր 20,2012 13:21

«Մի երեք տարի առաջ, երբ կառավարությունը բյուջե էր բերել, եւ քաղաքական փոքրամասնությունն առաջարկություններ էր անում, բոլորը մերժվեցին, մեկ էլ մեծամասնության ներկայացուցիչներն անթաքույց ցինիզմով հայտարարեցին, որ փոքրամասնություն եք՝ էդպես էլ պիտի լիներ, բա կարո՜ղ է, ձեր ասածը պիտի անեինք: Մոտավորապես այսպիսի մոտեցում կար»,- երեք տարվա վաղեմություն ունեցող այս իրադարձությունն «Առավոտի» հետ զրույցում հիշեց ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով վերջին օրերին խորհրդարանում բուռն քննարկումների եւ կրքերի բորբոքման առիթ տված «ԱԺ կանոնակարգ» օրենքում ՀՀԿ-ական մեծամասնության կողմից առաջարկվող փոփոխություններին: Հիշեցնենք, որ սույնով քաղաքական մեծամասնությունն առաջարկում էր ԱԺ էթիկայի հանձնաժողովում ընդդիմության եւ իշխանության հավասարություն սահմանել: Դա խորհրդարանական միակ հանձնաժողովն էր, որտեղ ընդդիմությանն առավելություններ, գործունեության համար նպաստավոր պայմաններ էին նախատեսված: Խնդիր առաջացավ այն բանից հետո, երբ հանձնաժողովի նիստերից մեկում հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, կիրառելով օրենքով սահմանված նորմը, մեծամասնության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին զրկել էր ձայնի իրավունքից: Ընդդիմության ճնշումը, բնականաբար, մնացել էր քաղաքական մեծամասնության կոկորդում: Արդյունքում, եռօրյա խորհրդակցություններից, վեճերից ու բանավեճերից հետո քաղաքական մեծամասնությունն իրագործեց իր ցանկությունը:

«Մոլորվել էին եւ ժամանակին գլխի չէին ընկել, էթիկայի հանձնաժողովի ձեւավորման այլ՝ քաղաքակրթական մշակույթ ներմուծվեց, հետո հասկացան, որ որեւէ լուսանցք, թթվածնի որեւէ շիթ չի կարելի թողնել»,- գնահատեց նախկին պատգամավորը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ այդ հանձնաժողովում քաղաքական քննարկումներ չեն լինելու, հարցերը զուտ էթիկայի սահմաններում են: Տիկին Գալստյանն ասում է, որ բազմաթիվ երկրներում քաղաքական փոքրամասնությանը նման վերահսկողական լիազորություններ են վերապահվում, որպեսզի երկիրն իսկապես կարողանա գնալ ժողովրդավարական ուղով՝ դուրս գալով ավտորիտար մամլիչի տակից: «Բայց՝ ոչ, տղաները հետո գլխի ընկան՝ ոչ մի շիվ դաշտում, եւ նույնիսկ այդ հանձնաժողովում մեծամասնությունը պետք է մեծամասնություն լինի, որովհետեւ իրենց քաղաքական ընկալումներում եւ պատկերացումներում մեծամասնությունը նշանակում է մեծամասնության մամլիչ: Մինչդեռ քաղաքական մեծամասնության համար հաղթանակ է նաեւ քաղաքական փոքրամասնության իրավունքների հարգումը եւ գնահատումը»,- ասաց Լիլիթ Գալստյանը:

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31