Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Տարբեր տեղերում տարբեր խաղեր էին տալիս քաղաքական գործիչները»

Դեկտեմբեր 20,2012 13:08

Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, խոսելով նախագահական ընտրությունների մասին, ասաց, որ կարող է մինչեւ ընտրություններ այնպիսի զարգացումներ լինեն, որոնք բացարձակապես փոխեն իրավիճակը. «Մինչեւ 96-ի սեպտեմբերի 9-ին, երբ ստորագրեցինք Ազգային համաձայնության համաձայնագիրը, որեւէ մեկը չէր կասկածում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչեւ 90 տոկոս ձայն կհավաքի, բայց 12 օրվա ընթացքում այնպիսի շրջադարձ ապրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, չընտրվեց»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համայն հայության, Արցախի, Ջավախքի հավաքական թեկնածուն է, ՀՀԿ-ականները ասում են՝ գլխավոր ֆավորիտը Սերժ Սարգսյանն է, Ձեր կարծիքով ի՞նչ շանսեր ունի Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նա պատասխանեց. «Այս ամբողջ քաղաքական դաշտը ես երկու հարթության վրա կդիտարկեի՝ բարոյական եւ քաղաքական: Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց, որ այս ընթացքում բացարձակապես որեւէ ստվերային գործընթացի չմասնակցեց, բացարձակապես չի եղել այս խաղերի հետ: Ցավոք, այս ամբողջ ընթացքը ստվերային, կուլիսների հետեւում եղավ, ինչը չնպաստեց ընդդիմության համախմբմանը: Տարբեր տեղերում տարբեր խաղեր էին տալիս քաղաքական գործիչները, կուսակցությունները: Արդյունքում Րաֆֆին որեւէ հարցով որեւէ մեկի հետ ստվերային որեւէ համագործակցություն չի ունեցել: Այդ ստվերային խաղերը մինչեւ հիմա էլ շարունակվում են, իսկ մեկ-երկու ամիս առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը առաջադրվելու է: Այսինքն որեւէ մեկով պայմանավորված չէր՝ ո՞վ կառաջադրվի, ով չի առաջադրվի: Շատ հստակ ուղեգիծ ուներ: Դրա մեջ լիքը բարոյականություն կար: Ես քաղաքական այդ ստվերային բանակցությունները համարում եմ ստվերային տնտեսության պես մի բան»:

Մենք ճշտեցինք՝ նկատի ունեք նրանց, ովքեր ԲՀԿ-ի հետ խորհդակցե՞լ են՝ նա պատասխանեց. «Երբ սկսեցին քաղաքական կոնսուլտացիաները, բոլորը հասկանում էին, որ դա ժամանակ սպառելու շատ լավ նախաձեռնություն է: Ովքեր քաղաքականությունը հասկանում են այնպիսին, ինչպիսին կար, հասկանում են, որ դա ավելի շատ ժամանակը սպանելու բան էր, ինչին ծառայեց: Սա չի նշանակում, թե պետք չէր համագործակցել, բայց ամբողջ պրոցեսը պահել ստվերում եւ փորձել պարտադրել ոմանց, որ ենթարկվեն այդ ստվերային գործընթացներին, սա աղճատեց մեր քաղաքական քարտեզը՝ նախընտրական փուլում: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք չի շեղվել իր քաղաքական ուղուց: Ես ակնկալում եմ, որ մենք լուրջ հաջողություններ կունենանք»:

Նա նաեւ նշեց, որ այսօրվա դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանը իր բարոյական նկարագրով, իր հետագծով ունի բոլոր հնարավորությունները, որ դառնա միասնական թեկնածու՝ ընդդիմության համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31