Վաղը «Ակադեմիա» պատկերասրահում կբացվի ցուցահանդես՝ նվիրված Սայաթ նովայի ծննդյան 300-ամյակին: Կազմակերպիչներն են Աշխարհի հայ նկարիչների միավորումն ու Արարատյան հայրապետական թեմը:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց միավորման նախագահ Ղազար Միրզոյանը (լուսանկարում), հովբելյանական ցուցահանդեսը կմեկտեղի ժամանակակից հայ նկարիչներին՝ Ռուբեն Արուտչյան, Ռոբերտ Էլիբեկյան, Հակոբ Հակոբյան, Փարավոն Միրզոյան, Գեւորգ Մշեցի եւ այլն:
Մեր հարցին ինչու ՀՀ նկարիչների միության ցուցասրահում չեն կազմակերպում իրենց ցուցահանդեսը, պարոն Միզոյանը պատասխանեց. «Իրենք չեն տրամադրում մեզ ցուցասրահը, դա իրենցն է եւ այնպես է պլանավորված, որ ամբողջ տարին զբաղված է: Ու երբ էլ խնդրում ենք, մերժում են: Հիմնականում սրա հետ է կապված՝ իմ ու քո, դու արեցի, ես արեցիր»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, միթե ավելի արդյունավետ չէր լինի Աշխարհի հայ նկարիչների միավորման եւ ՀՀ նկարիչների միության համագործակցությունը, Միրզոյանը պատասխանեց. «Մենք շատ կուզեինք, որ այդպես լիներ, սերտ համագործակցեինք, միմյանց հետ բռուցքվելու դեպքում ավելի շատ գործ կարող էինք անել: Ամեն դեպքում մենք առաջարկել ենք պարոն Կարեն Աղամյանին, եւ ինքը մերժել է, մենք էլ անում ենք այն, ինչ կարոեղանում ենք»:
Հետաքրքրվեցինք, թե 2012-ին Աշխարհի հայ նկարիչների միավորումը քանի ցուցահանդես է կազմակերպել: Պարզվեց՝ չորս, 3-ը Հայաստանում, մեկը Շվեյցարիայում:
Նշենք, որ գործում է Աշխարհի հայ նկարիչների միավորման կայքը , որի նպատակն է միավորել աշխարհով մեկ սփռված հայ ստեղծագործողներին , կապ հաստատել միմյանց միջեւ և միասնական ուժով աշխարհին ցույց տալ հայ կերպարվեստի ու կերպարվեստագետի որակն ու ուժը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ