Կանայք պատմության ակունքներից տղամարդուն հավասար մարտնչել են ճակատամարտներում և կարևոր պաշտոն զբաղեցրել ղեկավարման օղակներում: Ռազմական գործում, քաղաքական կրքերի թատերաբեմում և հասարակական ոլորտում նրանք եղել են ակտիվ և ազդեցիկ: Իզուր չէ ասված, որ երկիրը ղեկավարում են տղամարդիկ, իսկ երկիրը ղեկավարող տղամարդկանց ղեկավարում են կանայք: Այնպես որ նրանց երբեք էլ պետք չէ թերագնահատել: Մեր այս նյութում կխոսենք կնոջ ներկայության մասին զինված ուժերում` կարևորելով նրանց դերակատարությունը հայկական բանակում ինչպես Արցախյան հերոսամարտի տարիներին, այնպես էլ այսօր:
«Կռվի դաշտում բժիշկ, տանկիստ կամ գյուղացի հասկացողություններ չկան. բոլորս զինված էինք, բոլորս կռվում էինք»
Ազատամարտիկ, բուժծառայող Աիդա Սերոբյանի որդին բնակվում է արտասահմանում, մորը մեկ անգամ չէ, որ խորհուրդ է տվել տեղափոխվել իր մոտ, սակայն տիկին Աիդան, ինչպես սրանից տարիներ առաջ չթողեց ռազմադաշտը, այնպես էլ հիմա իր հայրենիքը չի լքի:
1992 թվականի փետրվարին Աիդա Սերոբյանն աշխատում էր Ավանի պոլիկլինիկայում: Երբ հեռուստացույցով լսեց, որ Արցախում բուժաշխատողների խիստ կարիք կա, հաջորդ օրը անմիջապես մեկնեց Առողջապահության նախարարություն ու խնդրեց իրեն գործուղել Արցախ։ Այդպես էլ եղավ. «Ուղղաթիռն ինձ նշված վայրում իջեցրեց գնչուական զգեստով, դե մտածում էի՝ հո՞, կռիվ չեմ գնում, մեկնում եմ Մարտակերտի հիվանդանոցում աշխատելու, հիվանդների բուժելու։ Հետո հասկացա, որ կռվի դաշտում բժիշկ, տանկիստ կամ գյուղացի հասկացողություններ չկան. բոլորս զինված էինք, բոլորս կռվում էինք»,- հիշում է տիկին Աիդան։
Կարդացեք նաև
Արցախի բանակի ձևավորումից հետո նա ծառայել է Մարտակերտի գնդում, այնուհետև՝ 1993-ի հունվար ամսին տեղափոխվել է Արցախի բուժծառայություն՝ որպես հաստատության պետ։ Մասնակցել է Քարվաճառի, Աղդամի, Օմարի, Հորադիզի, Ֆիզուլու, Ջաբրաիլի, Զանգելանի շրջանների ազատագրմանը, հասել մինչև Մինջավան, Արաքս գետի ափ։ Տիկին Աիդան ներկայումս Արցախյան պատերազմի մասնակից կանանց հանրապետական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահն է: Այն հիմնադրվել է 1998 թվականին: Աիդա Սերոբյանը նշում է, որ Արցախում կռվող կանանց թիվը կազմում էր շուրջ 300 հոգի, որոնցից 42-ը զոհվել են։ Այժմ կազմակերպությունում կան շուրջ 265 անդամ կանայք։
Մեկ այլ կին-զինծառայող, ծնունդով գորիսեցի Անահիտը 27 տարեկան էր, երբ զինվորական համազգեստ հագավ ու դիրքեր բարձրացավ: 1988 թվականից Գորիսում ակտիվորեն մասնակցում էր հանրահավաքներին, հետագայում անդամագրվեց Գորիսի ինքնապաշտպանական ջոկատին: Մասնակցել է Շուռնուխի, Կոռնիձորի ինքնապաշտպանական մարտերին ու միևնույն ժամանակ զգաղվել բռնագաղթածների տեղավորման հարցերով: Ներկայումս Քանաքեռի զորամասի ճաշարանի պետն է: 2011-ին Քանաքեռի զորամասի իր ղեկավարած ճաշարանը ճանաչվեց լավագույնը, հաջողությունները շարունակվում են նաև այս տարի: Թեև խոհարարները չեն բացահայտում սեփական գաղտնիքները, սակայն Անահիտը մեզ հետ զրույցում բացառություն արեց` ներկայացնելով սեփական ճաշատեսակների յուրահատուկ համի և զինվորների հետ շփման արդյունավետության կարևոր «բաղադրատոմսը». «Բանակում էական չէ, թե ինչ կոչում ունես: Նա, ով հրաման է տալիս, պետք է տեսնի դրա արդյունքը, այսինքնՙ պետք է կարողանալ հրաման տալ: Զինվորը նույնպես իմ երեխան է, եկել եմ որդիներիս համար ճաշ պատրաստելու: Իհարկե, կան խոհարարական հմտություններ, որոնք նույնպես կիրառում եմ»,- ասում է մեր զրուցակիցը:
Տիկին Անահիտը կարևորում է կնոջ դերը ռազմական պայմաններում` հիշելով մի դրվագ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ. «1991 թվականի նոյեմբերի 20-ն էր, երբ ժամանեցինք Կոռնիձորի շտաբ, տեսանք` տղաները սոված են, անմիջապես ինքնաեռ բերեցինք, սուրճ և թեյ պատրաստեցինք, գյուղացիներից կարտոֆիլ վերցրինք, որ կերակուր պատրաստենք: Միջանցքում լսեցինք Վազգեն Սարգսյանի ձայնը, քաջալերում էր տղաներին, նրանցից մեկն ասաց, որ իրավիճակը վատ է, պահն էլ` չափազանց անհարմար (մենք պատրաստվում էինք հարձակման): Վազգենը դուռը բացեց, մենք այդ պահին թեյ էինք լցնում, նայեց մեզ ու ասաց. «Բա ասում եք` վտանգավոր է, վատ վիճակ է, հիմա այստեղ կանայք կան, եթե նրանց համար վտանգավոր չէ, էլ ի՞նչ վտանգի մասին եք խոսում»: Զիծառայող կինը նշում է, որ կնոջ ներկայությամբ տղամարդիկ ավելի զգաստ են լինում, առավել խիզախ են և զուսպ:
Բայցև կա մեդալի հակառակ կողմը: Ամեն հինգշաբթի դուք կտեսնեք նրանց Կառավարության շենքի դիմաց: Բանակում մահացած զինծառայողների ծնողներն են, հիմնականում կանայք, սևազգեստ շորերով: Պայքարում են մայրական համառությամբ, ասում են մինչև վերջ էլ կգնան, քանի դեռ արդարացի վճիռ չի կայացվել իրենց որդիների դատական գործերում: Անգամ ձմռանը նրանք շարունակում են իրենց պայքարը:
Իսրայելի օրինակն աչքերիս առջև
Աղջիկը զինվորական համազգեստով` ինքնաձիգը ձեռքին, սա արդեն սովորական երևույթ է Իսրայելում: Այս երկրի զինված ուժերում ծառայում են բոլորը` անկախ սեռից: «Զինծառայության մասին» այդ երկրի օրենքի համաձայն` պարտադիր հիմունքներով զորակոչման են ենթակա նաև բոլոր 18 տարեկանը լրացած չամուսնացած, երեխաներ չունեցող հրեա աղջիկները` իհարկե անցնելով համապատասխան բուժզննություն։ Իգական սեռի ներկայացուցիչները ծառայում են իսրայելական բանակի բոլոր ստորաբաժանումներում: Սրանով լուծվում են ինչպես գենդերային հավասարության հարցերը, այնպես էլ զինծառայողների հարաբերությունների արդյունքում առաջացած խնդիրները: Սկզբնական շրջանում կանանց ծառայությունը Իսրայելի պաշտպանության բանակում (Ցվա-հագանա լե Իսրայել, կրճատ՝ Ցահալ) 22 ամիս էր, սակայն 2003թ.-ից այն հավասարեցվեց տղամարդկանց ծառայության ժամկետին` 36 ամիս:
Կանայք հայկական բանակում. մեր օրեր
Հայկական Զինված ուժերում տարեց տարի աճում է կին-զինծառայողների թիվը, այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` ներկայումս ՀՀ ԶՈՒ-ի անձնակազմի 25 տոկոսը կին-զինծառայողներն են. «Չափազանց կարևոր է կանանց դերը բանակում: Հայկական բանակում կանայք վաղուց են ծառայում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Մի շարք սոցիոլոգներ համոզված են, որ բանակում կանանց ծառայությունը վկայում է տաղամարդկանց և կանանց հավասարության մասին: Բացի այդ, կան որոշ գործառույթներ, որոնք կանայք ավելի լավ են իրականացնում, քան տղամարդիկ: Մասնագետները նաև համոզված են, որ Զինված ուժերում կանանց դերը բարձրացնելով, բացի այլ խնդիրներից, բանակի ղեկավար կազմը կնպաստի ոչ կանոնադրական հարաբերությունների նվազմանը:
Համաձայն պաշտպանական գերատեսչության տվյալների` ներկայումս ՀՀ զինված ուժերում ծառայում է 1412 կին. նրանք զբաղեցնում են սպայական և ենթասպայական հաստիքներ: 2012թ. ՀՀ զինված ուժեր է զորակոչվել իգական սեռի 49 ներկայացուցիչ: Այսօր ՊՆ համակարգում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող ազատամարտիկ կանայք չկան:
Գևորգ ԹՈՍՈՒՆՅԱՆ