Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծրագիրը կա, իսկ իրականացնողնե՞րը

Դեկտեմբեր 20,2012 13:15

Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում ստացավ երկու տիպի գնահատական. ճահճային-պաշտոնական՝ «ոգեշնչվելով մեր պատմական որոշումներով, մենք ավելի սերտ համախմբվեցինք հարազատ կուսակցության շուրջը», եւ ընդդիմադիր՝ «բա Նեմե՞ցը, բա Սաշի՞կը»: Պարզ է, որ քաղաքական շրջանակներում ոչ մեկը շահագրգռված չէ վերլուծել այդ ելույթի բովանդակությունը, հասկանալ դրա ուղերձները: Մեծ մասը, բնականաբար, չի էլ կարդացել: Նման դեպքերում ինձ հետաքրքրում է մասնագետների կարծիքը, որը կապ չունի այս կամ այն քաղաքական թայֆայի շահերի հետ: Երկու օր առաջ «Ա1+»-ի P.S.-ում այդ հարցը տվեցի քաղաքագետ Լեւոն Շիրինյանին, եւ նա ասաց, որ ելույթի տեքստը հեղափոխական մոդեռնիզացիայի ծրագիր է, այլ հարց է՝ իշխանությունը այն կիրականացնի՞, թե՞ ոչ:

Իսկ կա՞ արդյոք նախագահի շրջապատում այդ մոդեռնիզացիայի գիտակցությունը: Նախ մեջբերում անեմ ելույթից. «Մեր երկրում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին, խոսքի ազատությանը այլընտրանք չկա: Սա կարեւոր սկզբունք է, որի պահպանման եւ զարգացման համար մենք դեռեւս հսկայական անելիքներ ունենք: Հանդուրժողականությունը մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների հենասյունն է: Հայաստանում առկա խնդիրները լուծելիս մենք պետք է բացառենք խտրականության, այլակարծության ճնշման եւ այլ անհարգալից մոտեցումները: Կառուցողական եւ պատասխանատու քննադատությունն է առողջ քաղաքական համակարգի զարգացման գրավականը: Բազմակուսակցական համակարգի զարգացումն ու քաղաքական միավորումների կառուցողական երկխոսությունն ապահով Հայաստանի կարեւոր բաղադրիչներն են: Նախորդ տարիների ընթացքում մենք կամուրջներ կառուցող քաղաքականություն ենք իրականացրել, եւ այս սկզբունքը շարունակելու է մնալ մեր օրակարգում: Ազգային եւ սոցիալական համերաշխության սկզբունքն այլընտրանք չունի»:

Նպատակները շարադրված են հստակ, եւ ցանկացած մտածող մարդ, ում ուղեղը մթագնած չի սեւեռուն գաղափարներով, այդ նպատակների հետ կհամաձայնի: Ուրիշ հարց, որ Սերժ Սարգսյանի ներկայիս քաղաքական թիմի զգալի մասը բացարձակապես պատրաստ չէ այդ նպատակները ոչ միայն իրագործելու, այլեւ ընկալելու: Այդ «գործիչները» կարող են գոյատեւել միմիայն անհանդուրժողականության, անպատժելիության եւ կամայականությունների մթնոլորտում:

Խնդիրը, հետեւաբար, այն չէ՝ կվերընտրվի՞ Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ. այստեղ, կարծես թե, ամեն ինչ պարզ է: Խնդիրն այն է՝ կարո՞ղ է նա վերընտրվել առանց Թոխմախի Մհերի եւ նրա նման մի քանի տասնյակ մարդկանց աջակցության: Հուսով եմ, որ կարող է: Եթե ոչ՝ մոդեռնիզացիան կհետաձգվի եւս 5 տարով: Դա վտանգավոր տարբերակ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31