Հասկանալի է, ու միանգամայն բնական կլինի, որ թե՛ «Ա1+»-ի լրագրողը, թե՛ լրագրողներն ընդհանրապես, մասնագիտական համերաշխություն դրսեւորելով, այս միջադեպի վերաբերյալ դիմեն Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով։ Այս հրապարակումն էլ կարելի է համարել նշված հանձնաժողովին հասցեագրված գրավոր դիմում՝ պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքն ու դրսեւորած վարքը քննելու եւ համապատասխան գնահատական տալու պահանջով։
Բացի դրանից, կարծում ենք, որ Մհեր Սեդրակյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի ինչպես կոնկրետ լրագրողից, որին վիրավորել է, այնպես էլ լրագրողներից ու հասարակությունից, իր ընտրողներից ընդհանրապես։
Մյուս կողմից, անշուշտ, Մհեր Սեդրակյանին հանրությունը վաղուց է ճանաչում, ու հաստատ երեկվա նկարագրված միջադեպով չէ, որ նրա մասին նոր-նոր պիտի պատկերացում կազմենք։ Բայց երեկ նրա դրսեւորած «դավայ-դավայ»-ը առավել եւս աչքի է զարնում, ընդամենը մի քանի օր առաջ ՀՀԿ 14-րդ համագումարում պետության ղեկավար եւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի առաջադրած պահանջների ու շեշտադրումների համատեքստում։ Աչքի է զարնում, որովհետեւ պատգամավորի դրսեւորած վարքն ու արտահայտություններն ուղղակիորեն հակասում են պետության ղեկավարի պահանջներին։
Ենթադրում ենք, որ ՀՀԿ խմբակցության նշված անդամը ներկա է եղել կուսակցության համագումարում, լսել նախագահի ելույթը։ Այնուամենայնիվ հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը, նախ, նշում է. «Մեր հավաքական կամքը դեմ հանեցինք ամենաթողության դրսեւորմանը: Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան»։
Այնուհետեւ ելույթի ընթացքում երկրի ղեկավարը շեշտում է. «Հայ մարդու նվաստացումը, իրավազրկումը եւ հարստահարումը, որ նախկինում սովորական, կենցաղային օրինաչափություն էր տարբեր վարչակարգերի օրոք, չի կարող շարունակվել անկախ Հայաստանում: Քաղաքացին պետք է իրեն ապահով եւ ինքնավստահ զգա թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, թե՛ ոստիկանատանը, թե՛ դատարանում: Հայաստանի քաղաքացու հետ պետք է Դուք-ով խոսել: Ասվածը` պետք է հասկանալ ե՛ւ ուղղակի ե՛ւ փոխաբերական իմաստով: Որեւէ քաղաքական ուժի, առավել եւս` կառավարող կուսակցության պարտականությունն է նպաստել նոր հայի ձեւավորմանը: Նոր հայ, ով հարգում է օրենքները` հաստատ իմանալով, որ իրեն նույնպես հարգում են»:
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ Մհեր Սեդրակյանը, նախ, հենց «լրագրողի հանդեպ ուժ կիրառելու արատավոր» ու իսկապես էլ մերժելի ու մերժված պրակտիկա է դրսեւորում (ուժի կիրառման սպառնալիքը նույնպես բռնության դրսեւորում է)։ Առավել ակնհայտորեն, նշված պատգամավորն ակնհայտորեն անհարգալից վերաբերմունք է դրսեւորում Հայաստանի քաղաքացի լրագրողի հանդեպ։
Այս պայմաններում, կարծում ենք, հանրապետականները պետք է համարժեք գնահատական տան ու սաստեն «կապեր կտրելու» եւ «սանձերը թողելու» մասին խոսող համակուսակցին։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»