ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը մեր հարցին՝ դաշնակցությունը քննարկե՞լ է ընտրությունները բոյկոտհլու տարբերակը, եւ ի՞նչ տեսակետ ունի դրա վերաբերյալ, պատասխանեց. «Ընտրությունները բոյկոտելու տարբերակը միայն վերջին օրերին չէ, որ քննարկվում է, դա քննարկվել է տարբեր ձեւաչափերով, ՀՅԴ-ն իր քննարկումների ժամանակ տարբեր սցենարներ նկատի ունեցել է, մենք որեւէ տարբերակ չենք բացառում, բայց որոշումը կկայացնի կուսակցության Գերագույն ժողովը»։
Ըստ ԳՄ փոխներկայացուցչի, այդ տարբերակով առաջնորդվելու դեպքում՝ հարկ է նկատի ունենալ, թե ինչ արդյունավետություն կարելի է ակնկալել, որովհետեւ բոյկոտն ինքնանպատակ չպիտի լինի։ «Բոյկոտը, ըստ էության, նշանակելու է լուրջ աշխատանք՝ քարոզչական, կազմակերպական, որովհետեւ դա պիտի նաեւ որոշակի դիրքորոշում ու տեսակետ ցույց տա։ Բոյկոտ ասելով՝ մենք դա ենք հասկանում։ Չմասնակցելը դեռ չի նշանակում՝ բոյկոտել ընտրությունները։ Չմասնակցելը պասիվ կեցվածք է, բոյկոտելը ավելի լուրջ քաղաքական բովանդակություն եւ իմաստ ունեցող գործընթաց է, որը ենթադրում է համապատասխան դիրքորոշում, վերաբերմունք՝ ցույց տալու համար, որ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները բացառում են իշխանափոխության հնարավորությունը, ինչը նշանակում է, որ ընտրություններին մասնակցելն անիմաստ է»,- ասաց Արսեն Համբարձումյանը։
Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, դաշնակցությունը որոշի գնալ հենց բոյկոտի ճանապարհով, հնարավո՞ր է մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ բանակցությունների արդյունքում համաձայնության գալ միասնական բոյկոտի շուրջ, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը դժվարացավ պատասխանել։ «Չեմ կարող կանխատեսումներ անել այդ առումով։ Մենք կարող ենք մեր դիրքորոշումը հայտնել, մենք մեր պատկերացրած բովանդակային քննարկումները կանենք՝ տարբերակների հետ կապված, եւ համապատասխան որոշում կկայացվի։ Այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը, բնականաբար, չեմ կարող բացառել, նայած, թե նրանք ինչ դիրքորոշում կունենան»,- ասաց Համբարձումյանը։
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ երեկ մեր թղթակցի հարցին՝ որքա՞ն է հավանականությունը, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ կգնա նման քայլի, եւ արդյոք այդ տարբերակը «Ժառանգությունում» քննարկվե՞լ է, պատասխանել է. «Նախ ասեմ, որ ես չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանը մենակ կմնա, բազմաթիվ թեկնածուներ կլինեն, եւ երկրորդը, ես քաղաքական պայքարում դեմ եմ բոյկոտի տարբերակին։ Գոնե այս դեպքում ընդհակառակը, կարծում եմ, պետք է կարողանալ մասնակցել, հնարավորինս ակտիվացնել եւ որոշակիորեն կարողանալ ապահովել հնարավորինս ազատ, արդար ընտրությունների հնարավորություն։ Բոլոր դեպքերում ես դեմ եմ բոյկոտին»։
Կարդացեք նաև
Հարցին՝ այդուամենայնիվ, որպես խմբակցության ղեկավար, նման հավանականություն տեսնո՞ւմ եք, Հակոբյանը պատասխանել է. «Հավանականություն չեմ տեսնում։ Նախ, ընդդիմության մեջ այդ հարցը չի քննարկվել, ընդ որում, ես չեմ լսել, որ ընդդիմության որեւէ ներկայացուցչի կողմից նման առաջարկություն արվի, ես չգիտեմ՝ որտեղ է ծնվել այդ առաջարկությունը, որը հատկապես շատ գայթակղիչ է, բայց շատ անհասկանալի տեղերից են գալիս այդ խոսակցությունները։ Կարծում եմ, դա ավելի ձեռնտու է իշխանություններին։ Բայց եթե իսկապես դաշտն այնպիսին լիներ, որ կարողանայինք պայմանավորվել, կարելի էր մտածել, որ միասնական տեսակետ ձեւավորվի։ Բայց այնպիսի տեղերից է խոսակցությունը, որ այնքան էլ քաղաքական չէ, իմ կարծիքով»։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»