Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանին կհաջողվի՞ կազմակերպել ընտրությունների բոյկոտը ողջ ընդդիմության կողմից

Դեկտեմբեր 20,2012 11:12

Հատված Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ հարցազրույցից:

 Նկատի ունենալով, որ Տեր- Պետրոսյանը բավական խարիզմատիկ եւ պրագմատիկ քաղաքական գործիչ է, որո՞նք են այժմ նրա տարբերակները։

 

– ԼՏՊ-ն ունի 3 տարբերակ, որոնցից երկուսն իր համար հղի է ծանր հետեւանքներով եւ վտանգներով, մեկը՝ պակաս, մյուսը՝ ավել, երրորդն էլ հարցականի տակ է։

1-ին տարբերակ. նա չի առաջադրվում, իր այդ քայլն արդարացնելու առանձնապես հնարավորություն չունի։ Ինչու, որովհետեւ եթե Ծառուկյանն առաջադրվեր, գուցե նրա չառաջադրումը հիմնավորում ունենար, ասելով, թե նա հնարավորություն է տալիս Ծառուկյանին՝ խորհրդարանում իր ներկայացվածությամբ եւ ֆինանսական կարողություններով երկրորդ ուժի թեկնածուին հանդես գալ որպես ընդդիմադիր միասնական թեկնածու։ Հիմա նա այդ հնարավորությունը չունի, եւ չառաջադրումը մեկնաբանվելու է Լեւոն Զուրաբյանի հայտնի ձայնագրությունում հնչեցված գնահատականով։ Նշանակում է՝ ԼՏՊ-ն ստորագրում է այդ գնահատականի տակ։ Ես իսկապես չէի ուզենա, որ պետության առաջին նախագահը մինորային նոտայով թողներ քաղաքական թատերաբեմը։

2-րդ տարբերակ. նա առաջադրվում է, ցուցադրում է քաղաքական գործչի իր փայլուն ունակությունները, օգտագործում է դրանք՝ հաղթահարելու ստեղծված մթնոլորտը, փորձելու հրապարակային քաղաքականության տեխնոլոգիաների գործադրմամբ արդյունքի հասնել ել ցրել անկումային տրամադրություններն ու այն կասկածները, որոնք մինչ օրս կուտակվել են։ Այդպիսով, փորձելով փարատել այն տխուր ախտորոշումը, որը ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը, թե այսօր որեւէ միջոց չկա վերագտնելու ժողովրդական շարժման սկզբնական իմպուլսները եւ այդ ժամանակ գրանցած արդյունքը։ Այս տարբերակն իր մեջ պարունակում է մեծ ռիսկայնություն եւ ծանր ու անձնուրաց պայքարի անհրաժեշտություն, բայց սա նախընտրելի է առաջին տարբերակից։ Հաշվի առնելով ԼՏՊ-ի փայլուն հռետորաբանությունը եւ նրա խարիզման, միայն այս տարբերակի դեպքում կարելի է փրկել սեփական դեմքը մի իրավիճակում, որը բավականին բարդ է։

3-րդ տարբերակ. եթե ԼՏՊ-ին հաջողվի կազմակերպել ընտրությունների բոյկոտը ողջ ընդդիմության կողմից։ Թեեւ ընդդիմությունը միասնաբար չկարողացավ հանդես գալ ընտրություններին, բայց այդ խնդիրը դրվել էր, այլ նախընտրեցին սրճարանային հանդիպումները եւ, իբր, իշխանությունների աչքը վախեցնող այդ փակ կոնսուլտացիաները։ Այնինչ այս երկրում դուք գիտեք, որ իշխանություններից թաքուն ոչ մի բան հնարավոր չէ անել, պատահական չէ, որ որոշ վերլուծաբաններ մեզանում գործող համակարգը որպես ոստիկանապետություն են բնորոշում։ Ինչեւէ, եթե ԼՏՊ-ն համոզի ընդդիմադիր ուժերին, որ կազմակերպված բոյկոտն է ճիշտ ճանապարհը, դրանով կարող է արդարացված համարել նաեւ իր չառաջադրումը, այլապես արդարացում չունի նրա չառաջադրումը : Կամ էլ միասնական թեկնածուով հանդես գալը։

– Իսկ թիմից որեւէ մեկի առաջադրումը հնարավո՞ր չէ։

– Եթե Տեր-Պետրոսյանը հայտարարի, թե ուզում է Հրանտ Բագրատյանն իր տնտեսական գիտելիքներով առաջադրվի կամ մեկ ուրիշը, դա լուրջ չի ընկալվի մի իրավիճակում, երբ իշխանությունը բացահայտել է այն, որ

ՀԱԿ համակարգողը քննարկում է ԲՀԿ երկրորդ դեմքի հետ, թե ինչպես է հնարավոր փրկել սեփական դեմքը։ Եթե սա հրապարակվել է, կնշանակի այդ ճանապարհով սեփական դեմքի փրկության հարցը ԼՏՊ-ի համար անլուծելի է:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31