Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամեն, ամեն օր մի՞թե հնարավոր է գրել այն մասին, թե ո՞վ կառաջադրվի նախագահի թեկնածու

Դեկտեմբեր 20,2012 10:43

Ամեն, ամեն օր մի՞թե հնարավոր է գրել այն մասին, թե ո՞վ կառաջադրվի նախագահի թեկնածու, ո՞վ ում հետ է քաղաքական առեւտուր անում, ո՞վ մրցակցին շարքից հանեց, ո՞վ ում հետ է սակարկում: Մի՞թե Հայաստան աշխարhը կազմված է միայն ԿԸՀ-ից, քաղաքական գործիչներից ու կուսակցություններից, ընդդիմությունից եւ իշխանությունից: Մենք վաղուց արդեն անգիր գիտենք` ի՞նչ բառապաշար ունի այս կամ այն քաղաքական գործիչը, ի՞նչ կոստյում է սիրում, ո՞ւմ է սիրում եւ ո՞ւմ է ատում, երբ շնչեց, երբ արտաշնչեց… ի սեր աստծո: Իսկ ի՞նչ է մտածում, ուտում, հագնում Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բազմանդամ ընտանիքի միակ զավակ Կոլիկը, որ մանկությունից մեն-մենակ տանջվում էր` քույրերի ու մոր հոգսին հասնելու համար, մինչեւ բանակ գնաց:

 

Ու հիմա քույրերն ու մայրը մենակ են ցախ հավաքում, որ չմրսեն սարի ցուրտ եղանակին: Դա՛ պիտի հետաքրքրեր մեզ: Ամեն օր ինտերվյու ենք ուզում Լֆիկ Սամոյից, Թոխմախի Մհերից (նա էլ չի տալիս ու դեռ կոպտում է լրագրողին), էլ չգիտեմ` գեներալ Սեյրանից, բայց չենք իմանում, թե ո՞նց է յոլա գնում Աշոցքի շրջանի Գոգավան գյուղի բնակիչ ուստա Մանուկը, որի զավակները արտերկրում են, իսկ ինքը օր ծերության պետք է ընտանիքի հոգսը հոգա: Ահա այսպես մեկ-մեկ արթնանում է քնած իրականությունը մեր մեջ` դեպքից-դեպք, զգալու համար, որ այսպես չի լինի, որ մեր կայնքի հերոսը դարձրել ենք մի բուռ քաղաքականներին, մի ձեռքի մատների չափ օլիգարխներին, Քիմ Քարդաշյանին, Անժելա Սարգսյանին ու «Դժվար ապրուստի» Գոռին ու Էլենին: Բայց երկրի մեջքը պահող հասարակ մարդու մասին շատ քիչ բան գիտենք, ու նրանց մասին դատողությունները սկսվում են, երբ ծայրահեղացված վիճակների լուրն ենք առնում, թե` այսինչն այնինչ պատճառով ինքնասպան եղավ, այնինչն իրեն նետեց կամրջից, թե 20-ամյա տղան սպանել է 43-ամյա մորը: Ու սկսվում է դատողությունների շարքը, թե հոգեկան էր, մանավանդ որ ոստիկանություն էին տարել, ագրեսիվ վարք էր ցույց տվել:

 

Է, ո՞ւմ տանես մեր ոստիկանություն, որ հոգեկան չդառնա: Կամ ո՞վ լսի, որ 2003-ից ամբաստանվող, հետագայում էլ դատապարտված Մատաղիսի գործով «հանցագործների» հանդեպ արդարացման դատավճիռը կայացվել է հիմա, ու դուրս չգա հունից. ուրեմն` 10 տարի է պետք, որ արդարությունն այս երկրում գոնե մի դեպքով հաղթանակի: Էլ ո՞նց մարդիկ չխելագարվեն կամ հոգեկան չդառնան: Ամեն սխալ դատավճիռ կամ կեղծ ամբաստանություն, ուրեմն, պետք է տասնամյա փորձություն անցնի, ճակատագրեր խեղվեն, որ այս երկրում մի բան տե՞ղը գա: Տարիներ առաջ մի ասուլիսի Սերժ Սարգսյանին առիթ եղավ հարցնելու, թե արդյո՞ք հետամուտ է լինելու Մատաղիսի գործով արդար քննության, ու դրական պատասխան ստացանք: Բայց դրանից հետո են կայացվել անարդար վճիռներն այս գործով, ու փաստորեն Սերժ Սարգսյանի խոստման գինը մոտավորապես 10 տարի է: Ո՞վ պետք է հատուցի երիտասարդ մարդկանց կորցրած տարիները, ով պետք է պատասխանի այն ժամանակ պաշտպանության նախարարի, այժմ երկրի ղեկավարի` ժամանակին տված խոստման պատիվը տարիներ «սառեցրած» պահելու համար: Մի՞թե անցած շաբաթ մարզահամերգային համալիրում նախագահ Սարգսյանի հնչեցրած խոստումներից յուրաքանչյուրի գինն այդքան ծանր է լինելու…

 

Ո՞վ պետք է շփացած օլիգարխին հասկացնի, որ եթե հին շորերով մարդ է մտնում նրան պատկանող խանութ, նրա անվտանգությունը չպիտի այնքան հաբռգի, որ դուրս հրավիրի մարդուն, իբր աղքատը, մի տես է, էնքան փող չի ունենա, որ օլիգարխի սիրուն փաթաթած, բայց մեջն աղբ ապրանքներն առնի: Կամ ո՞վ պիտի հենց նրան դուրս հրավիրի, քանի որ նոր տարվա շեմին ամեն ապրանք իր էդ զիզի-բիզի խանութում մի 30 տոկոսով թանկացնում է ու փող գռփում, օգտվելով այդ ամենը նկատելու իրավասու մարդկանց հորանջոցից:

 

21-րդ դար, «աշխարհի վերջից» հինգ րոպե պակաս, բայց այդ համաշխարհային կատակի մեջ մեր այս փոքրիկ երկրի կյանքի մեջ ամեն րոպե պատահող փոքրիկ աշխարհի վերջեր` գթասրտության ու հոգածության աչքերից հեռու ամեն ընտանիքում ու մարդ արարածի մոտ: Նայենք մարդու աչքերի մեջ: Մեր եղբոր` մերձավորի ու հեռավորի: Վերադառնանք հայ մարդուն ու նրա հոգսին իսկապես` էդ կուսակցական խաղերից, քաղաքական կոմերցիայից հեռու: Հրանտ Մաթեւոսյանին հայտնաբերենք նորից, որ բոլորինս էր` անկախ քաղաքական ու դասային պատկանելությունից, ու դեպի մարդն էր` սովորական: Ու մեզ էր մոտեցնում սովորական մարդուն, սովորեցնում սիրել նրան: Որոնենք նրան` մաթեւոսյանաբար. «Մարդիկ եթե չլինեինՙ աշխարհը տխուր կլիներ: Շատ խոտ կլիներ, խոտերի միջով գետը կգնար, սպիտակ թիթեռը խոտերի վրայով դեսուդեն կքշվեր… տխուր ու գեղեցիկ կլիներ: Հիմա ոչ տխուր է, ոչ էլ գեղեցիկ, ոչ էլ գիտես ինչ անես: Ինչո՞ւ է պտտվում բազեն: Ինչո՞ւ են կանգնած ծառերը: Կանգնած են ու միայն կանգնած են: Պտտվեց-պտտվեց ու, ասենք թե, ընկավ ու մի լոր խփեց, հետո՞: Հետո դարձյալ պտտվում է: Երբ պտտվում էՙ գեղեցիկ ու տխուր է, չգիտես ինչ իմաստ, բայց գեղեցիկ ու տխուր մի իմաստ է լինում: Ինչպե՞ս է առաջացել երկիրը, ո՞ւր են գնում գետերը, ի՞նչ է մտածում ձինՙ երբ չի արածում եւ չի շարժվում, այլ ժամերով կանգնած մտածում է, ո՞ր ծովից ինչ անտառների վրայով են գալիս ամպերը, ինչո՞ւ երեկոները լինում են այդպես տխուր, մտածկոտ ու ծանր, իսկ առավոտներըՙ այդպես մաքուր ու հիմար, ինչո՞ւ մեր հայ ժողովուրդը, երբ տափաստաններն ազատ էին, չի գնացել, գնացել, գնացե՜լ մինչեւ մեծ ծովը դեմը կտրի, այլ մնացել է այս ձորի մեջ. որտե՞ղ է վերջանում աշխարհը, ինչո՞ւ է թպրտում, ի՞նչ է ուզում մեր սիրտը: Հետո այդ բազեին նայում ես մոտիկիցՙ եւ ձեռքերդ քաշվում են թեւքերիդ մեջ-կտուցը, մագիլները, աչքերը ճանկռտում են» :

 

Հրանտ Մաթեւոսյան, «Սկիզբը»

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31