Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկովյան անակնկալ Սարգսյանին

Դեկտեմբեր 20,2012 10:23

Եվրասիական տնտեսական ինտեգրման կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն երեկ սենսացիոն հայտարարություն է արել՝ Հայաստանը համեմատելով Կալինինգրադի մարզի հետ և ասելով, որ ինչպես Կալինինգրադն է էքսկլավ Ռուսաստանի համար, այդպես էլ Հայաստանը Մաքսային միության համար կլինի էքսկլավ, և որևէ արտառոց կամ անհնար բան չկա:

Պարզ է, որ Խրիստենկոյի նման կոպիտ, նույնիսկ վիրավորական հայտարարությունն արված է Կրեմլի հավանությամբ, և ամենևին պատահական չէ, որ հայտարարությունը հրապարակվում է այն ժամանակահատվածում, երբ Մոսկվայում տեղի են ունենում ՀԱՊԿ-ի ու ԵվրԱզԷս-ի գագաթնաժողովները: Ակնհայտ է, որ Խրիստենկոյի հայտարարությունը ճնշում է Հայաստանի իշխանության, մասնավորապես Սերժ Սարգսյանի վրա: Այսինքն՝ սա էլ իր հերթին նշանակում է, որ, այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը շարունակում է դիմադրել Մաքսային միության մեջ մտնելու ռուսական պնդումներին:

Եթե Հայաստանը մտնում է Մաքսային միության մեջ, որին անդամակցում են Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, և Մոսկվան համառորեն ուզում է այնտեղ տեսնել նաև Ուկրաինային ու նրա վրա էլ գազային ճնշումներ է բանեցնում, ապա կարող ենք ասել, որ Հայաստանը հրաժեշտ է տալիս Եվրոպայի հետ տնտեսական ինտեգրման կուրսին, որովհետև Եվրամիությունը Հայաստանի առջև հստակորեն դնում է պայմանը` կա՛մ Եվրամիություն, կա՛մ Մաքսային միություն, քանի որ դրանք լիովին տարբեր հարթություններ են և չեն կարող համատեղվել:

Մաքսային միության անհեռանկարայնության մասին խոսում է այդ միության անդամ եռյակի ներկայիս տնտեսական վիճակը: Բելառուսը սոցիալիստական կարգերի վրա պահպանվող պետություն է, որը մեկուսացված է և այսօր հանդիսանում է բռնատիրական անկլավներից մեկն աշխարհում: Ռուսաստանը նավթի ու գազի ասեղին նստած, այդ ասեղով աշխարհին վախեցնող, միևնույն ժամանակ այդ ասեղի հետևանքով առողջության մնացյալ մասերը մինչև վերջ կոռուպցիայով քայքայած մի մարմին է, որը հոգեվարքի մեջ գոյություն քարշ տալու փորձեր է անում և ձեռքերն այնպես է թափահարում աջ ու ձախ, որ վտանգում է շուրջը գտնվողներին: Մնում է միայն Ղազախստանը, որը, իհարկե, բավական լայն թափով առաջ է գնում, զարգացնում է տնտեսությունը, բայց որտեղ ևս կան լուրջ խնդիրներ՝ կապված հասարակական ու պետական կարգի հետ, քանի որ պարզ չէ, թե Նազարբաևից հետո այդ երկրում ինչ է սպասվում:

Այսինքն՝ Հայաստանին առաջարկվում և նույնիսկ պարտադրվում է միանալ այդ երկրների կազմավորած կառույցին, ինչը ուղղակիորեն նշանակում է միանալ ի սկզբանե հիվանդ օրգանիզմին: Ինչքան կարող է շարունակվել Հայաստանի դիմադրությունը՝ պարզ չէ, որովհետև այդ կոնտեքստում բավական էական է դառնում ներքաղաքական վիճակը:

Կասկած չկա, որ եթե պաշտոնական Երևանը շարունակի դիմադրել, ապա Մոսկվան ոչ միայն կփորձի գազային մամլիչը կիրառել`բարձրացնելով գինը, այլ նաև լարել ներքաղաքական իրավիճակը և ուժերին մղել որոշակի գործողությունների: Այս կոնտեքստում բոլորովին պատահական չէ այն հանգամանքը, որ մինչև այսօր այդպես էլ պարզ չէ նախագահական ընտրություններին մասնակցությունների հարցը: Մոսկվան, ըստ ամենայնի, փորձում է ձգել հնարավորինս երկար՝ անհրաժեշտության դեպքում Սերժ Սարգսյանին անակնկալներ մատուցելու համար, եթե նա շարունակի մնալ անդրդվելի և Հայաստանը չտանի ինքնիշխանությունը վերջնականապես ոչնչացնելու ունակ այդ «վարակի բույնը»:

 «Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31