Առատ ձյան տեղալուց հետո, Aravot.am-ը բազմաթիվ դժգոհություններ է ստանում առ այն, որ Գյումրու փողոցներով անցնել չի լինում, դրանք այնպես են սառցակալված, որ իսկական փորձանքի բույն են. ամեն վայրկյան ավտովթարներն ու կոտրվածքները պատրաստ են: Գյումրեցիները այս թեմայով իրենց բողոքներն արտահայտում են նաև Facebook սոցիալական ցանցում`դժգոհելով, թե հնարավոր չէ՞ գոնե մի քիչ աղ լցնել:
Գյումրու քաղաքային նորընտիր ղեկավարությունը կատարո՞ւմ է արդյոք աշխատանքներ` փողոցները մաքրելու ուղղությամբ: Ստուգելու համար այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի հետ շրջեցինք քաղաքի ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցներով: Օբյեկտիվ լինելու համար նշենք, որ, օրինակ, Շիրակացի փողոցը համարյա թե մաքուր էր, երթևեկելու համար անվտանգ, իսկ Անի թաղամասի ու նաև այս թաղամասից դեպի Շիրակի մարզպետարան ու դատարան տանող կենտրոնական փողոցում կարծես թե գործ չէր կատարված:
Իսկ թե ինչո՞ւ, բազմաթիվ գյումրեցիների հուզող այս հարցին պարզաբանում ներկայացրեց Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը: «Մենք տեխնիկայի պակաս ունենք, պատճառը միայն տեխնիկան է, մնացած բոլոր հարցերը մեր աշխատողները գիշեր-ցերեկ աշխատում են, մեր ունեցած բոլոր հնարավորություններով մենք առավելագույնը օգտագործում ենք: Պարզապես մենք իսկապես տեխնիկայի մեծ կարիք ունենք»,- ասաց պաշտոնյան:
Այդ դեպքում ի՞նչ պիտի արվի, որ գյումրեցին ձմռանը իրեն ապահով զգա սեփական քաղաքում, մեր այս հարցին ի պատասխան քաղաքապետարանի պաշտոնյան վստահեցրեց, որ առաջիկա 2-3 օրում կավելացնեն տեխնիկայի քանակը, դուրս կբերեն Գագիկ Ծառուկյանից նվեր ստացած տրակտորները, քանի որ հարմարանքները արդեն իսկ ստացել են, (տեխնիկայի վրա ինչ-որ սարքեր պիտի փոխեին` այն Գյումրու պայմաններին հարմացնելու համար) և, ըստ նրա, չի բացառվում, որ հենց վաղը 3 տրակտոր նորից աշխատանքի հանեն: «Մենք վաղը չէ մյուս օր նոր տեխնիկա ենք մտցնելու ու առավելագույնը կանենք , քաղաքի փողոցները ձյան շերտից մաքրելու համար», -գյումրեցիներին խոստացավ Կնյազ Մանասյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ