Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը պատրաստվում է լքել ԲՀԿ-ն ու համալրվել ՀՀԿ շարքերում: Henaran.am-ի տեղեկատվությամբ՝ նա արդեն ԲՀԿ-ի վերադասին նախազգուշացրել է, որ լքելու է կուսակցությունը եւ առաջիկայում սպասվում է Բալասանյանի հայտարարությունը: Թեեւ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակը հերքել է այդ լուրերը, այնուամենայնիվ, Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց, թե իրենք լսե՞լ են Սամվել Բալասանյանի՝ ԲՀԿ-ն լքելու եւ ՀՀԿ շարքերն անցնելու տեղեկատվությունը: Նա պատասխանեց. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միշտ էլ կուռ կառույց է եղել, նման դրսեւորումներ ԲՀԿ-ում չկա: Իսկ նման ձեւաչափի այն անձը, ով որ նման քայլերի կգնա՝ համապատասխան գնահատականի կարժանանա: Մեր մոտ եթե ինչ-որ նման ձեւաչափ լինի, մենք ավելի քան համոզված ենք՝ մեկը կգնա, հազարը կգա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ