Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ճանապարհը ձմռան ամիսներին ժամանակ առ ժամանակ փակվում է

Դեկտեմբեր 19,2012 21:26


Կապանից 36 կմ հեռու գտնվող Ներքին Հանդ գյուղը դրսի հետ կապող ճանապարհը ձմռան ամիսներին ժամանակ առ ժամանակ փակվում է: Կապան-Ծավ ճանապարհատվածի Ծավ-Ներքին Հանդ խաչմերուկից դեպի գյուղ թեքվող ճանապարհն անմխիթար վիճակում է գտնվում` փոսառատ է, քարուքանդ, ձմռան ամիսներին էլ ձյունից չի մաքրվում, որի պատճառով էլ ձմռանը լուրջ խնդիրների առջեւ են կանգնում հանդեցիները: «Փոսերը շատ են, անմխիթար վիճակում է գտնվում ճանապարհը, եթե մի քիչ շատ է ձյուն գալիս ձմռանը, գյուղի կապը կտրվում է քաղաքի հետ, ոչ մի մեքենա չի կարողանում քաղաք գնալ կամ քաղաքից գյուղ գալ: Ընդհանուր ճանապարհը մաքրվում է, բայց մեր գյուղ եկող այս փոքր հատվածը ձյան մեջ թաղված է լինում», -ասաց Ներքին Հանդ գյուղի բնակչուհի Անահիտ Ոսկանյանը:

Գյուղի բնակիչները տրանսպորտի հետ կապված խնդիրների պատճառով դժվարությունների են բախվում նաեւ տարվա մյուս ամիսներին:  Բանն այն է, որ օրական մեկ անգամ է տրանսպորտ աշխատում Կապանից-Ծավ երթուղով  եւ  Ներքին Հանդի բնակիչները օգտվում են Ծավ գյուղ սպասարկող երթուղային տաքսուց, որը գյուղից շարժվում է առավոտյան ժամերին, իսկ Կապանից վերադառնում է երեկոյան ժամը 5-ին եւ Ծավ-Ներքին Հանդ խաչմերուկից դեպի գյուղ հիմնականում չի թեքվում, ուստի գյուղացիները ստիպված են լինում խաչմերուկից գյուղ ոտքով իջնել: «Բազմիցս է եղել, երբ իջել եմ խաչմերուկում, կաբլուկներս փոխել, դամաշնիկ հագել ու 7 կմ ճանապարհը ոտքով եկել: Չոր եղանակներին դեռ  հնարավոր է ոտքով գալ, բայց ձմռանը շատ դժվար է: Բացի այդ, եթե Ներքին Հանդ գյուղի բնակիչն ուզենա  առավոտյան ժամերին Կապանից գյուղ գալ, չի կարողանա, գյուղի տրանսպորտը միայն ժամը 5-ին է շարժվում, ստիպված գյուղացիները սպասում են մինչեւ այդ ժամը եւ գազելով ճանապարհ ընկնում: Շատ ժամանակ հարեւանների, գյուղապետի մեքենայով են գնում-գալիս, շատ են օգնում իրար այդ հարցով», – հավելեց գյուղում մեզ հանդիպած  մեկ այլ  բնակիչ:

Ձմռան ամիսներին լուրջ խնդիրների առջեւ են կանգնում նաեւ մարզի տարածաշրջանների մի շարք այլ գյուղեր: Առատ տեղումների, ճանապարհներին առկա ձյան մաքրման աշխատանքներ չտանելու պատճառով, Սյունիքի հեռավոր շատ գյուղերի կապը   դրսի հետ կտրվում է:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31