Ինչպես տեղեկանում ենք ՀԱԿ գրասենյակի տարածած հայտարարությունից. «Այսօր, դեկտեմբերի 19-ին ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Դեսպանի խնդրանքով, նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող զարգացումները և դրանց վերաբերյալ իր մոտեցումները: Առաջին նախագահն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի առջև ծառացած ներքին մարտահրավերներին, մասնավորապես համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների և հեռուստաեթերում բազմակարծության և տնտեսական մրցակցության բացակայությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Առաջին խորհրդական Իզաբել Գինելը և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը»:
Նկատենք, որ նման հանդիպումներին մշտապես ներկա գտնվող Լեւոն Զուրաբյանը այս անգամ բացակայել է: