Այսօր Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում` Հայաստանի Եվրոպական Միության քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային միջմասնագիտական մագիստրոսական ծրագրի տեղացի և արտերկրից ժամանած ուսանողների միջև:
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն եւ «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային միջմասնագիտական մագիստրոսական ծրագրի ղեկավար Արթուր Ղազինյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից` Մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման եվրոպական գործիքի շրջանակներում. «Ծրագիրը մեկն է աշխարհում գործող նմանատիպ վեց ծրագրից, որոնց գլխավոր կենտրոնակայանը գտնվում է Վենետիկում եւ հիմնադրվել է 13 տարի առաջ: Մեր ծրագիրը ներառում է Արեւելյան գործընկերության ծրագրի մեջ մտնող չորդ երկիր` Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա եւ Հայաստան: Բացի այդ երկրների ուսանողներից, ներկայումս ծրագրում սովորում են Լիտվայի, Վրաստանի եւ Տաջիկստանի ուսանողները, որոնք գիտելիքներ են ստանում Մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման ոլորտում»:
Արթուր Ղազինյանի խոսքով. «Ծրագրի մասնակից ուսանողներն առաջին տարին անց են կացնում Հայաստանում` ստանալով բազային գիտելիքներ, իսկ երրորդ կիսամյակում ընտրում են համապատասխան մոդուլներ եւ մեկնում գործընկեր համալսարաններ` մեկ կիսամյակ սովորելու: Երրորդ կիսամյակն ավարտելուց հետո յուրաքանչյուրը վերադառնում է, անցկացնում պրակտիկա, այնուհետեւ կազմակերպում է թեզերի պաշտպանություն»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ հանդիպումը ծրագրի մասնակից ուսանողներին հնարավորություն կտա պրակտիկորեն ներգրավվել մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարացման գործընթացում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻՍՅԱՆ