Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ազատագրական պայքարից՝ մինչեւ սոցիալական խնդիրներ

Դեկտեմբեր 19,2012 18:13

«Ոստան հայոց» ռոք խումբը հիմնադրվել է 1987 թվականին: Խումբը չնայած ընդմիջումներով, բայց գոյություն ունի մինչ օրս: Դեկտեմբերի 22-ին «Ոստան հայոցը» կնշի հիմնադրման 25- ամյակը, ինչի առիթով Երաժշտական կամերային թատրոնում նախատեսված է հոբելյանական մեծ համերգ, որն իրականացնելու համար աջակցել է Հայկական ռոք ասոցիացիան եւ «Վիբրոգրաֆուս» ընկերությունը:

Aravot.am-ը զրուցեց «Ոստան հայոցի» վոկալիստ Հովհաննես Կուրղինյանի հետ: Հովհաննեսի ներկայացմամբ՝ խումբը մինչեւ 1996 թվականն անընդմեջ աշխատել է, գործել. «Այդ ժամանակ ես գնացի Միացյալ Նահանգներ, եւ 2 տարի ուրիշ վոկալիստ է խմբում եղել, բայց 1998 թվականից վերադարձա, ստեղծեցինք ռոք ակումբ, որը տեղակայված էր այժմյան STOP ակումբում, եւ այն գործեց մինչեւ 2001 թվականը: «Ոստան հայոցի» անդամներից փոխվել է կիթառահարը, 1991 թվականից՝ Դավիթ Մուշեղյանն է, իսկ մինչ այդ՝ Մերուժան Հակոբյանն էր, որը մեկնեց Միացյալ Նահանգներ՝ մշտական բնակության»:

Հարցին՝ ռոք ասելով լայն մասսաները հասկանում են բողոք, դուք ինչ բողոք եք բարձրացրել այս 25 տարիների ընթացքում, Հովհաննեսը պատասխանեց. «Խումբը սկսել է կոնկրետ ուղղությամբ, մեր անվանումը փնտրելուց էլ գիտեինք, թե ինչ թեմա է մեզ հուզում, դա ազգային ազատագրական պայքարն է եղել, դրա համար մեր առաջին ալբոմը կոչվում է «Զարթնիր, որդյակ», այն բաղկացած էր հենց այդ թեմայով երգերից: 1994 թվականին ստեղծվեց երկրորդ ալբոմը եւ բարձրացվեց նաեւ սոցիալական խնդիրներ՝ կապված հայրենադարձության հետ, որովհետեւ այն, ինչ կատարվում էր, մեզ այնքան էլ դուր չէր գալիս»:

Հաջորդ հարցին էլ՝ այս տարիների ընթացքում ինչ է փոխվել երաժշտական այս ոճում՝ Հայաստանում, Հովհաննեսը նշեց. «Շատ բան է փոխվել, որովհետեւ այն ժամանակ, երբ մենք էինք նվագում, եւ երբ տեղի ունեցավ առաջին մեծ ռոք փառատոնը, այնքան խմբեր հայտնվեցին, նկուղներում թաքնված, որ ստիպված 3 օր տեւեց այն: Բացի այդ՝ երկրաշարժ, պատերազմ, անլույս տարիներ էին, իսկ ռոքն առանց էլեկտրաէներգիայի հնարավոր չէ նվագել: Այդ ամենը նպաստեց, որ որոշ մարդիկ հեռանան հանրապետությունից, որոշները՝ դադարեցին նվագել, բայց կորիզ ունեցող խմբերը աշխատում էին: Այդ տարիներին մենք համերգներ ենք տվել գեներատորներով, որովհետեւ կարիքը կար: 1998 թվականին Արթուր Մալխասյանի հետ ստեղծեցինք մեր ակումբը, եւ «Ոստանը» սկսեց նվագել: Շատ երիտասարդներ էին գալիս, որոնք ուրիշ տեղերում էլ էին նվագում ու փաստորեն՝ հիմնվեց բազա, քայլ անել բոլորին, ինքնակրթվել, որակ ձեռք բերել… Այսօրվա խմբերի մեծ մասը, ի վերջո, ձեւավորվել է մեր ռոք ակումբում: «Ռեինկարնացիա», «Էմփիրեյ» եւ այլք, կարելի է ասել, որ ռոք ակումբի ձագերն են: Ռոքը առաջ է շարժվում, այսօր շատ լավ խմբեր կան: Ջահելներն ավելի լավ են նվագում, քանի որ հնարավորություններր շատ են, իսկ մեր ժամանակ լավ կիթառը երազանք էր, կամ՝ մի քանի խումբ 1 գործիքով էր կապված»:

Ինչո՞ւ ռոքը ակումբներից դուրս չի գալիս, հարցին պատասխանելով էլ Հովհաննեսը նշեց, որ մեդալը երկու երես ունի. «Առաջինը՝ ռոք խմբերը հաշվի չեն առնում որոշ կոնյունկտուրա, ես միշտ ասել եմ, այնտեղ, որտեղ նվագում եք, հենց այդ լեզուն պիտի հնչի: Խմբեր կան, որոնք ռուսալեզու, անգլալեզու են, բայց այդպես պոպուլյար չեն կարող դառնալ: Մեդալի մյուս երեսն էլ այն է, որ մեր հանդիսատեսի ճաշակը ահավոր փչացած է ու շարունակում են փչացնել բոլոր այն ուժերը, որոնք որ պետք է զբաղվեն դրւա կրթությամբ: Երբ հեռուստատեսությամբ նայում եմ հոլովակներ, բացի թուրքական երաժշտությունից, ոչինչ չեմ տեսնում ու կապ չունի, թե ինչ լեզվով են երգում: Հազվադեպ երգեր են, որ հեռու են այդ մոտեցումներից: Մի ժամանակ ասում էին՝ ռոքն էլ է արգելված, ռաբիսն էլ, բայց ով ռոք էր սիրում, ռոք էր լսում: Իսկ հիմա՝ խայտառակ մասշտաբի պրոպագանդվում է ռաբիսը ու կապ չունի՝ ինչ հագուստ է հագցված, բարձրացնում են մեծ բեմ ու մեծ քանակությամբ ժողովուրդ հավաքում: Դե ինչ արած՝ ամեն ազգ արժանի է իր առաջնորդներին եւ երգիչներին»:

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ ռոքը ծառայում է իր նպատակին, ռոքասեր հասարակությունը շատացել է, այն մոդայի հետ կապ չունի, քանի որ «անդրգրաունդի» երաժշտություն է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31