Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին խնդրեց մեկնաբանել ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջադեպը՝ լրագրողի հետ: Նրա մեկնաբանությամբ՝ «Ես կարծում եմ, որ ե՛ւ լրագրողները, եւ պատգամավոր գործընկերներս պետք է միմյանց նկատմամբ հանդուրժող լինեն: Կարծում եմ, գոնե մինչեւ այս տարի մենք բոլոր նմանատիպ միջոցառումներով կարող ենք տարին փակել եւ տարին լավ տրամադրությամբ սկսել: Կարծում եմ՝ նյարդային պոռթկում կարող է լինի, այնուամենայնիվ, մենք բոլորս մեկս մյուսի հանդեպ պետք է հանդուրժող լինենք»:
Մեր դիտարկմանը, որ նույնիսկ հարցը չի լսել, նյարդային պոռթկում ինչի՞ց կարող է լինել՝ նա պատասխանեց. «Դե, մարդիկ ենք, ամեն մեկս ունենք մեր բնավորության գծերը: Մեկը շուտ է նյարդայնանում, մեկը ուշ է նյարդայնանում: Ես իմ կարծիքն ասեցի՝ պարզապես բերեք մեկս մյուսին հանդուրժող լինենք եւ ըմբռնումով մոտենանք»:
Մեր հարցին՝ իսկ ՀՀԿ-ում շա՞տ կան շուտ նյարդայնացող, նյարդային մարդիկ՝ նա պատասխանեց, որ ՀՀԿ-ականները մյուս մարդկանցից չեն տարբերվում. «Լրագրողները մեր բարեկամներն են: Ես ձեր պաշտպանն եմ, ասեք՝ ինչ խնդիր կա»:
Կարդացեք նաև
Մենք հետաքրքրվեցինք՝ եթե լրագրողները դիմեն էթիկայի հանձնաժողով, Դուք կմիանա՞ք ստորագրահավաքին՝ նա պատասխանեք. «Կարծում եմ՝ ես այս տարիների ընթացքում ապացուցել եմ, որ ես առհասարակ մարդկային արժանապատվության եւ առհասարակ հումանիստական արժեքների պաշտպանն եմ: Ես ձեզ կհորդորեմ, որ ոչ թե դիմեք էթիկայի հանձնաժողով, այլ կարելի է մարդկային նստել եւ բոլոր հարցերը քննարկել: Ես կարծում եմ, որ Մհեր Սեդրակյանն այն անձն է, որի հետ կարելի է մարդկայնորեն քննարկել»:
Հռիփիմե ՋԵԲԵՋՅԱՆ