Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» սեփականատերը ցուցմունք է տալիս

Դեկտեմբեր 19,2012 17:46

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսին բռնարարքի զոհ դարձած Վահե Ավետյանի, բռնությունների գործով այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դատակոչվել «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը, որը ներկայացավ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր: Նա ասաց, որ ճանաչում է ամբաստանյալներին, իսկ դեպքի օրը այնտեղ են եղել անվտանգության 4 աշխատողները՝ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանն ու Արման Բաղդասարյանը: Նկարագրելով դեպքի օրը, նա ասաց, որ գտնվել է աշխատանքի վայրում, եղել են բազմաթիվ հաճախորդներ, իսկ երկրորդ հարկում էլ հարսանիք կար: Մատուցող Դավիթ Ադամյանը իրեն տեղեկացրել է եւ ասել, որ տղաները հայհոյանքներ են տալիս եւ վատ են վերաբերվում իրեն եւ անգամ հարվածել են նրան: Վկան ասաց, որ Դավիթին ուղարկել է մատուցողների սենյակ, նա փոխարինվել է մեկ ուրիշով:

Նա նկարագրեց մեկ այլ դրվագ, երբ Նորայր Հայրապետյանն իրեն հայտնել է, որ քաշքշոց է սկսվել հաճախորդների հետ: Այդ ընթացքում, ըստ Ն. Հայրապետյանի, իր հետ խոսող տղան մայր է հայհոյել եւ ինքը հարվածել է նրան: ՍՊԸ տնօրենին կատարվածը ներկայացրել են որպես միջադեպ, ինչը ռեստորաններում պատահում է:

Հետագայում նա Նորայրից իմացել է, որ տղաները գնացել են, որից հետո ինքն անվտանգության աշխատակիցներին տուն է ուղարկել՝ հետագա միջադեպերից խուսափելու նպատակով: «Չէի պատկերացնում, թե ինչ կարող էր լինել եւ ինչ է կատարվել»,- ասաց վկան:

Ցուցմունքից հետո սկսվեց վկայի հարցաքննությունը: Մասնավորապես, մեղադրող կողմին հետաքրքրում էր, թե ունե՞ն կանոնակարգ, որ սպորտային համազգեստով ռեստորան այցելելը արգելվում է, ինչպե՞ս են մատուցողները սպասարկում, կարո՞ղ է մեկ այլ մատուցող սպասարկի մեկ այլ սեղան: Վկան պատասխանեց, որ մուտքի դռնապանից գիտեն, որ սպորտային համազգեստով համալիր չեն մտնում, ավելին՝ նա ասաց, որ անգամ Հայաստանի հավաքականի անդամները մարզազգեստով համալիր չեն այցելել: Վկայակոչելով տուժողներից մեկի ցուցմունքի հատվածը՝ իրեն թեւանցուկ արեց առանց վիզ, «ուսերին գլուխ չունեցող մեկը», մեղադրող կողմը հարցրեց՝ նման աշխատակից կա՞, ո՞վ է եղել նա: Վկան պատասխանեց, որ նման աշխատակից ռեստորանային համալիրում չունեն:

Ինչ վերաբերում է մատուցող Դավիթ Ադամյանի վարքին, վկան ասաց, որ երբեք նա ագրեսիվ պահվածք չի ունեցել եւ որ երկար ժամանակ ճանաչելով նրան, չի կարող ասել, թե ինչու է իրեն այդպես պահել:

Այսօր վկայի հարցաքննությունը չավարտվեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31