Այսօր ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել Մհեր Սեդրակյանի՝ լրագրողի հետ ունեցած միջադեպը՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Նա վստահեցրեց, որ դեպքից տեղյակ չէ. «Կարծում եմ, որ եթե նման փաստեր կան, կարող է Մհեր Արշակյանը դիմել իրավապահ մարմիններին: Համենայնդեպս, իրավական հարթության մեջ պետք է գնահատական տալ, եթե նման փաստ իսկապես գոյություն ունի»:
Մեր հարցին՝ բայց ճիշտ գնահատական կտրվի՞՝ հաշվի առնելով, թե ում մասին է խոսքը՝ նա պատասխանեց. «Ես վստահ եմ, որ ճիշտ գնահատական կտրվի, որովհետեւ որեւիցե մի առիթ չկա, որ կասկածի տակ դնենք, եթե կա համապատասխան փաստը: Պետք է նայենք ընթացքը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ՀՀԿ-ում կա՞ն այնուամենայնիվ մարդիկ, որոնց մոտ ծնոտը պոկելու փորձ կա՝ նա պատասխանեց. «Հարցը համարենք հռետորական կամ որոշակի քաղաքական շեշտադրում ունեցող: Կարծում եմ իմ կողմից եւ իմ գործընկերների կողմից լրագրողների հանդեպ վերաբերմունքը բավականաչափ դրական է»:
Մեր հարցին՝ նման իրավիճակի համար հնարավո՞ր է քաղաքացիական հասարակության ակտիվության կամ լրագրողական համերաշխության արդյունքում հասնել նրան, որ պատգամավորը մանդատը վայր դնի՝ նա պատասխանեց. «Ցավոք, քաղաքացիական հասարակության երբեմնի ակտիվությունը երբեմն լինում է շահադիտական դրսեւորումներով եւ նպատակներով: Եթե կա ինքնին փաստ, կարծում եմ, քաղաքացիական հասարակությունը նաեւ անմասն չպիտի մնա, եթե դա որոշակի շահագրգռվածության արդյունք չէ»:
Մեր հարցին՝ կարո՞ղ ենք այս միջադեպից եզրակացնել, որ Մհեր Սեդրակյանը ՀՀ նախագահի խոսքերը լավ չի ֆիքսել, որ անպատժելիության մթնոլորտ Հայաստանում այլեւս չի լինելու եւ դա մնալու է սերունդների հիշողության մեջ՝ նա ասաց, որ քանի որ միջադեպին տեղյակ չէ՝ նպատակահարմար չէ դրան անդրադառնալ:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ եթե զրույցի սկզբում չասվեր, թե ում մասին է խոսքը՝ նույն կե՞րպ կարտահայտվեիք երեւույթի մասին՝ նա վստահեցրեց, որ իր համար բոլոր գործընկերները հավասար են. «Եթե նայում ենք պատգամավորական հարթության մեջ, որեւէ կապ չունի՝ ՀՀԿ-՞ն է ներկայացնում, թե՞ որեւէ այլ քաղաքական թիմ: Եթե կա նմանատիպ երեւույթ, ապա պետք է տանք նաեւ քաղաքական գնահատական, եթե դա իսկապես համապատասխանում է իրականությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ