Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցը կքննվի նրա ներկայացուցչի բացակայությամբ

Դեկտեմբեր 19,2012 17:18

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, այսօր «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանն ընդդեմ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նշանակեց դատաքննություն: Դատական նիստը տեղի կունենա 2013թ. հունվարի 24-ին:

Իսկ այսօր տեղի ունեցած նախնական դատական նիստում հայցվոր Գ. Չուգասզյանի նոր ներկայացուցիչ Կարապետ Բադալյանը ներկայացրեց հայցի առարկան, հայցապահանջն ու հայցի իրավական հիմքերը: (Նախկին ներկայացուցիչ Մհեր Արշակյանի լիազորությունները չէին ճանաչվել դատարանի կողմից՝ նրա փաստաբան չլինելու պատճառաբանությամբ): Ըստ այդմ, «Նուվել դը Արմենի» ամսագրում հրապարակված, ապա նաև «Լրագիր» էլեկտրոնային կայքէջում արտատպված Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը պարունակում է հայցվորի բարի համբավը, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավը վիրավորող և իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտություններ: Ուստի հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար և հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները:

Դատարանը հետաձգեց հայցվոր կողմի միջնորդությունները որպես վկա դատարան հրավիրել վեճի առարկայի սկզբնաղբյուրին՝ Ռուբեն Հայրապետյանին, նա հայցի ապացուցման բեռը կրող հայցվոր կողմի կարծիքով, «անփոխարինելի վկա է»: Կողմը միջնորդեց նաև որպես վկա դատարան հրավիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ըստ կողմի՝ Ռ. Հայրապետյանի հարցազրույցում նշվում է, որ ինքն ու Տարոն Մարգարյանը՝ ընտանիքներով հանդերձ, «ահաբեկվել են» Գ. Չուգասզյանի կողմից:

Նախնական դատական նիստում պատասխանող Կարեն Պետրոսյանը միջնորդեց, որպեսզի հայցադիմումը ստորագրվի պատշաճ լիազորություններ ունեցող անձի՝ Կ. Բադալյանի կողմից, հայցվորն ու նրա ներկայացուցիչը պնդեցին հայցադիմումը, սակայն նշեցին, որ հայցադիմումն արդեն ստորագրված է ներկայացնելու պահին օրինական, նոտարական կարգով լիազորված անձի կողմից, ուստի նորից ստորագրելու կարիք չկա:

Պատասխանողի ներկայացուցիչը շարունակեց իր մարտավարությունը և հայտարարեց, որ ինքը չի ստացել պատշաճ լիազորություններ ունեցող անձի կողմից ստորագրված հայցադիմում, ուստի չի կարող դատարանին ներկայացնել հայցադիմումի պատասխանը:

Հայցվոր կողմը գտավ, որ սույն պատճառաբանությամբ մրցակից կողմը նպատակ ունի ձգձգել դատավարությունը, չներկայացնել հայցադիմումի պատասխանը: Կ. Պետրոսյանը միջնորդեց իր՝ պատասխանող կողմի ներկայացուցչի բացակայությամբ անցկացնել գործի քննությունը, դատարանը բավարարեց միջնորդությունը, սակայն պատասխանողի ներկայացուցիչը «բացակայեց» պատասխանողի աթոռից և տեղ զբաղեցրեց դատական նիստերի դահլիճում:

Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանը ի սկզբանե լիազորել էր իր շահերը դատարանում ներկայացնել 4 փաստաբանի, մյուս երեքը բացակա էին նաև ֆիզիկապես:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31