Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ամենաթողության դրսեւորում է համարում այսօր ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի դիմելաձեւը «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին՝ «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
«Երբ լսեցի, նախագահն ասաց, թե ամենաթողությանը վերջ է տրվել, միանգամից աչքիս առջեւ եկավ մարզպետի ապտակը Սիլվա Համբարձումյանին, որը ոչ մի հետեւանք չունեցավ, եւ բազմաթիվ դեպքեր, եւ այսօրվա պատգամավորի դիմելաձեւը եւս: Նման դեպքեր եղել են, կան ու շարունակվելու են, քանի դեռ Հայաստանում չեն գործում իշխանության տարանջատման մեխանիզմները, երբ չենք ձերբազատվել հայտնի Մուսոլինիի սկզբունքից՝ մեր ընկերներին եւ բարեկամներին թույլ է տրվում ամեն ինչ անել, իսկ օրենքները մեր հակառակորդների համար են»,- ասաց պարոն Իշխանյանը:
Ըստ նրա, ՀՀԿ-ն դասական իմաստով կուսակցություն չէ, այլ իշխող խումբ, որը ամենաթողության օրինակ է ծառայում ու քարոզում: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հպարտացել էր. «Մեր հավաքական կամքը դեմ հանեցինք ամենաթողության դրսևորմանը: Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ