Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ. Քիմիաթերապիան Հայաստանում սովետական «շկոլայով» են նշանակում

Դեկտեմբեր 19,2012 16:45

Ամբողջ աշխարհում քաղցկեղի դեմ քիմիաթերապիա նշանակում են նախապես տվյալ ուռուցքը հյուսվածքաբանական ուսումնասիրությունից հետո, ինչը Հայաստանում չի արվում:Այսօր «Սլաք» ակումբում նման կարծիք հայտնեց «Հայ –ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Անի Հակոբյանը: Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ մեզ մոտ նման հետազոտություն չի արվում նախքան քիմիաթերապիա նշանակելը, տիկին Հակոբյանն ասաց. «Օրինակ՝ կրծքագեղձի ուռուցքի տեսակ կա, քիմիաթերապիա նշանակվում է ելնելով տվյալ ուռուցքի հյուսվածքաբանական որոշակի բնութագրից, ցավոք սրտի Հայաստանում առանց այդ բնութագրի է արվում քիմիաթերապիան, որովհետեւ սովետական ժամանակներից եկած սխալ մոտեցում է: Բժշկությունն ամբողջ աշխարհում արագ է զարգանում, իսկ մեզ մոտ նորամուծությունները դանդաղ են ընկալվում, դա է պատճառը, որ ճիշտ թիրախային բուժում չի արվում»:

Տիկին Հակոբյանի ներկայացմամբ՝ դեղի առումով մեզ մոտ խնդիր չկա, ճիշտ է դրանք շատ թանկ են, բայց ուռուցքի տեսակ կա, որ մեկ պրեպարատ ընդունելով արդեն դրական արդյունք է լինում, ուռուցքի տեսակ էլ կա՝ հիվանդի վրա մոտ 20 միլիոն դրամ է արժենում:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն էլ արձագանքեց՝ «Մի խոսքով՝ ցավոք, եթե փող չունես, իրավունք չունես ռակով հիվանդանալ»: Այս առումով Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ ավելի հեշտ է կանխարգելել, եւ կանայք, անկախ նրանից, գանգատներ ունեն, թե՝ ոչ, ավելի ճիշտ է պարբերաբար դիմեն բժշկի, հատկապես, որ այսօր արգանդի պարանոցի ներքաղցկեղային վիճակն էլ հեշտ է ախտորոշել:

Կենտրոնի տնօրենի խոսքերով, այսօր նաեւ խնդիր է ճառագայթային լավ բուժում ստանալը. Հայ հիվանդներից շատերը արտերկրում են ճառագայթային բուժում ստանում, որը մոտ 90% դրական արդյունք է տալիս. «Մենք անընդհատ ԱՄՆ-ի հետ աշխատում ենք, թե ինչպե՞ս կարող ենք բերել ու նորմալ ճառագայթ տալ, ոչ թե հիվանդի մաշկը վառել ու ասել՝ դու ճառագայթ ստացար, բայց իրականում սպանել այդ մարդուն, այլ՝ունենալ նորմալ բուժիչ ճառագայթ: Դա շատ մեծ ծախսեր է պահանջում, դրա համար պետական մոտեցում է պետք, կառավարությանը անհանգստության տեղիք է տալիս: 100 բարեգործն էլ չեն կարող այդ հարցը լուծել: Դա ազգային ծրագիր պիտի լինի ու կառավարությունը սկսել է անհանգստանալ: Մոտ ապագայում հույս ունեմ կունենանք: Իսկ առայժմ Հայաստանում ուռուցքով հիվանդ մարդը մնում է անորոշության մեջ, որքան էլ լավ ախտորոշում տանք, դա ընդամենը բուժման կեսն է, մնացածը ուղղակի մեր ուժերից վեր է, սակայն շուտով կունենանք վիրահատարան, սարքավորումներին ենք սպասում»:

Կենտրոնի 15 տարիների գործունեության ընթացքում, ինչպես տնօրենն ասաց, ավելի քան 279,419 հետազոտություն է կատարվել, կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել շուրջ 6,797 կանանց մոտ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31