Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալված է Շատին գյուղի գյուղապետը

Դեկտեմբեր 19,2012 16:43

Դեկտեմբերի 13-ին մի քաղաքացի մտնելով Վայոց ձորի մարզի Շատին գյուղում տեղակայված խանութներից մեկը՝ ծխախոտ է գնում եւ ՀԴՄ կտրոնն առանց վերցնելու՝ դուրս գալիս: Րոպեներ անց, նույն խանութ են ներխուժում 4 հոգի, ներկայանում հարկայինի աշխատողներ, իրենցից առաջ խանութից ծխախոտ գնած քաղաքացու ծխախոտը ձեռքներին, ասում, որ առեւտուր է արվել ու ՀԴՄ չի տրվել: Խանութի աշխատողը, ցույց տալով սեղանին դրված ՀԴՄ կտրոնը, ասում է, որ ինքն այն տվել է, գնորդը չի վերցրել, ինքն ինչ անի, հո գնորդի հետեւից չէր վազելու: Բայց հարկայինի աշխատողը, չլսելով խանութի աշխատակցին, պահանջում է հետ վերցնել ծխախոտը ու վերադարձնել գումարը, աշխատողն ընդդիմանում է՝ ասելով, թե վաճառված ապրանքը հետ չի ընդունվում: Հարկայինի մյուս աշխատողն էլ ասում է՝ «շպրտեք ծխախոտը իրան, փողն էլ պետք չի, մենք ակտ կգրենք»:

Գյուղապետ Մամիկոն Սմբատյանի ավտոմեքենան այդ պահին պատահաբար կանգնած է լինում նույն խանութի առջեւ, հարկային աշխատողների ավտոմեքենայի կողքին, նա սպասելիս է լինում խանութ մտած աշխատակցին: Նշենք նաեւ, որ հարկայինի եւ խանութի աշխատողի միջադեպին ներկա է լինում գյուղապետարանի աշխատակիցը:

Դեպքի հաջորդ օրը ոստիկանությունից գյուղապետին եւ խանութի աշխատակցին հարցաքննության են կանչում: Պարզվում է՝ հարկայինի աշխատողները ոստիկանությունում հայտարարություն են տված լինում այն մասին, թե գյուղապետն իրենց քաշքշել է:

Դեկտեմբերի 18-ին Եղեգնաձորի քննչականից կրկին հարցաքննության են կանչում Մամիկոն Սմբատյանին, այնուհետեւ ձերբակալում նրան ու տանում Վայք՝ առանց պատճառաբանության, մինչ օրս պահում այնտեղ:

Aravot.am-ին ահազանգած շատինցիները պահանջում են

գյուղապետի ազատությունը: Գյուղացիների խոսքով՝գյուղապետի ճակատագրով հետաքրքրվողներն անհարգալից վերաբերմունքի են արժանացել ոչ միայն ոստիկանությունում, նրանց հարցին, թե ինչ է կատարվում, մարզպետարանից մինչեւ գլխավոր դատախազի տեղակալ ասում են, որ իրենք իրավասու չեն եւ այդ գործով իրավասու է միայն քննիչ Արթուր Ադամյանը:

Գյուղացիները դեպքը պատճառաբանում են հետեւյալ փաստով:

«Այս ամենը եղել է այն պատճառով, որ հարկայինը Վայոց ձորի մարզի բոլոր տնտեսվարող սուբյեկտներից գումար էր պահանջել փոխանցել իրենց հաշվեհամարին, եւ ովքեր նոյեմբեր ամսին փոխանցել են այդ գումարը, նրանց չեն տուգանել, իսկ ովքեր օրենքից տեղյակ են եղել, չեն վճարել, նրանց վրա ակտեր են գրել»,- մեզ հետ զրույցում ասացին շատինցիները, նշելով, որ երեկ Եղեգնաձորի հարկայինի պետ Օհանյանին կանչել են մարզպետարան, որ գյուղացիներին պատասխան տա, թե ինչ է արվել ու ինչի համար, սակայն նա ներկայացել է հարբած վիճակում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31