Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսին բռնարարքի զոհ դարձած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի եւ նրա ընկերների նկատմամբ բռնությունների գործով դատական նիստը սկսվեց նշանակված ժամից 40 րոպե ուշացումով: Պատճառը երկու հանրային պաշտպանների՝ Արման Խաչատրյանի եւ Մարինե Թովմասյանի ուշացումն էր, ինչը դատարանի կողմից նախազգուշացվեց:
Սակայն պաշտպանները համաձայն չէին իրենց նկատմամբ սանկցիա կիրառելուն եւ դատարան ներկայացրին այլ գործերով դատական նիստի մասնակցելու մասին ծանուցագրերը: Մարինե Թովմասյանը մասնավորապես ասաց, որ ինքը չի որոշում իր ծանրաբեռնվածությունը եւ մեղադրեց դատարանին անհարկի սանկցիա կիրառելու մեջ:
Ի դեպ, նա նաեւ նշեց, որ դատարանից դատարան հասնելիս արագությունը գերազանցելու համար արդեն իր վրա 30.000 դրամից ավելի վարչական ակտեր են կազմվել:
Կարդացեք նաև
Պաշտպանների պատճառաբանությունները լսելուց հետո դատարանն անդրադարձավ այս գործով 4-րդ տուժողի՝ Արկադի Աղաջանյանի հարցաքննությանը, մասնավորապես շարունակվեց անցյալ դատական նիստին անձին ճանաչման ենթարկելու մասին արձանագրության հետ կապված հարցադրումները: Խոսքը վերաբերում էր ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանի հետ տուժող Աղաջանյանին ճանաչման ներկայացնելուն: Այդ ժամանակ տուժողը հայտնել էր. «Ձեր կողմից մատնացույց արված տղան, իմ իմանալով, չի հարվածել, քանի որ խառնաշփոթ է եղել: Ուրիշ իրավիճակում չեմ նկատել»: Իսկ դատարանում պաշտպանական կողմը արձանագրել էր, որ տուժողը հայտնել է, թե ավտոկայանատեղիում տեսել է մատուցող Դավիթ Ադամյանին:
Պաշտպաններ Սերգեյ Մկրտչյանի, Ավագ Լալայանի, Միհրան Պողոսյանի հարցերին, թե ինչո՞ւ է հակասական ցուցմունք տվել, տուժողը պատասխանում էր. «Ոնց ուզում եք հասկացեք», «ես արդեն պատասխանել եմ»: Այս պատասխանները առիթ հանդիսացան, որպեսզի պաշտպանական կողմը հանդես գա հայտարարություններով: Պաշտպան Ավագ Լալայանը գտնում էր, որ հնարավոր չի պաշտպանական մարտավարություն իրականացնել, իսկ Միհրան Պողոսյանն էլ հայտարարեց, որ տուժողների մոտ միտում կա, որպեսզի ամբաստանյալների աթոռին հայտնվածների նկատմամբ կիրառվի քրեական պատասխանատվություն: Նա նաեւ «ցուցմունք տալուց խուսափելու» միտում նկատեց:
Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը, երբ ավարտվեց տուժողի հարցաքննությունը, հանդես գալով հայտարարությամբ, ասաց, որ 4 տուժողներից որեւէ մեկը չի մանրամասնել ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունները:
Դատարանը դիմեց տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին՝ կապված Վահե Ավետյանի հորը՝ Գառնիկ Ավետյանին հարցաքննելուն: Պարզվեց, որ Գառնիկ Ավետյանի անունը դատակոչվածների ցուցակում չկա, իսկ պաշտպանական կողմն էլ պարտադիր չհամարեց հարցաքննել Գ. Ավետյանին, նշելով, որ հայրը դեպքին ականատես չի եղել, հետեւաբար չի կարող ասել այն, ինչը անհրաժեշտ կլիներ գործի հանգամանքները պարզելու համար:
Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ ցանկացած փուլում կարող է տուժողի իրավահաջորդը ցուցմունք տալ:
Հայտարարվել է ընդմիջում, ընդմիջումից հետո դատարան կներկայանան վկաներ եւ կսկսվի վկաների հարցաքննությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ