Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամի» Հոռոմ եւ Հովտաշեն գյուղերը համաձայնվել են միավորվել` պայմանով, որ կողքի գյուղերն էլ իրենց միացնեն

Դեկտեմբեր 19,2012 16:32

Չնայած նրան, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր էլ տեղեկացրել էր, որ հանրապետությունում, վատ եղանակով պայմանավորված, փակ ճանապարհներ չկան, սակայն այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում կազմակերպված «Տեղական ինքնակառավարման հիմնախնդիրները» թեմայով քննարկմանը հրավիրված Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզպետարաններից,

Գյումրու, Գավառի, Գորիսի քաղաքապետարաններից որեւէ ներկայացուցիչ չկար: Չէին եկել նաեւ միջոցառմանը հրավիրված ԱԺ պատգամավորները, Հանրային խորհրդից, «Ուրբան» հիմնադրամից, Հայաստանի համայնքների միությունից, Համայնքների ֆինանսիստների միավորումից, «Ասպարեզ» լրագրողների ակումբից, Շիրակ կենտրոնից, Ազատանի Ազատան համայնքային կենտրոնից, «Քաղաքը մերն է» նախաձեռնությունից, «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ից: Ներկա էին միայն ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից եւ Օրհուս կենտրոնից:

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանի հարցերին, թե ինչո՞ւ համայնքի բնակիչները չեն մասնակցում բյուջեի ձեւավորմանը, չնայած համայնքի բյուջեների սոցիալական ուղղվածությանը, բյուջե հավաքվող գումարները չեն ծառայում համայնքի բնակչության սոցիալական խնդիրները լուծելուն, համայնքի հողերը աճուրդի են հանվում չնչին գումարներով եւ այլն, որոնց պետք է պատասխանեին հենց ՏԻՄ ներկայացուցիչները, պատասխանեց տարածքային կառավարման նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Ըստ նրա. «Վերջին 3 տարում այնպիսի համայնք չկա, որ կադաստրային արժեքի 100 տոկոսից ցածր գնով աճուրդ արած լինի: Աճուրդներից գոյացած գումարները կարող են ծախսել համայնքի որեւէ խնդրի լուծման համար եւ այնպես չէ, որ այդ գումարները կարող են փոշիանալ:

Բնակիչները պետք է մասնակցեն բյուջեների կազմմանը: Մեր օրենսդրությունն այնպիսին է, որ քաղաքացիների համար որեւէ արգելող դրույթ չկա՝ գնան համայնքի բյուջեի ժամանակ մասնակցեն: Մենք ենք ընտրում համայնքի ղեկավար, հետո ասում ենք լավ չեն աշխատում, թալանում են, չարաշահում են: Մի’ ընտրեք այդպիսի համայնքի ղեկավար, մենք բոլորս այդ համայնքների բնակիչներ ենք չէ՞»:

«Օրհուս» կենտրոնի ներկայացուցիչ Մարի Չաքրյանի խոսքերով, հասարակությունն իրազեկված չէ իր իրավունքներից եւ չգիտի, օրինակ, որ կարող է մասնակցություն ունենալ համայնքի բյուջեի ձեւավորման քննարկումներին. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքում քառամյա ծրագիրը ձեւական փաստաթուղթ են եւ, այսպես ասած, «քոփի փեստ» են»:

Ի պատասխան պարոն Գիլոյանը նկատեց. «Այո նման խնդիր մենք ունենք, բայց եկող տարվա գերակա խնդիրների միջոցառումների ծրագրում նախատեսել ենք այդ հարցն էլ: Քառամյա ծրագիրը համայնքի տարեկան բյուջեների հանրագումարն է: Այսինքն` տարեկան ծրագիրը համայնքը կազմելիս պետք է առաջնորդվի քառամյա զարգացման ծրագրով, բայց իրականում մեր տարեկան բյուջեները չեն բխում այդ ծրագրերից, բացի այդ համայնքները հետեւողական չեն»:

Aravot.am-ի հարցին, թե համայնքների խոշորացման ծրագրով նախատեսված մի քանի «թշնամի» գյուղերի միավորումն ուժի մե՞ջ է եւ հաջողվել է օրինակ համոզել միավորմանը կտրականապես դեմ Հոռոմի եւ Հովտաշենի բնակիչներին, վարչության պետը պատասխանեց. «Հոռոմ եւ Հովտաշեն գյուղերի բնակիչները որոշ համաձայնության եկել են` պայմանով, որ հարակից մեկ երկու համայքներն էլ իրենց կմիացնենք: Օրինակ` Վերին Շորժայի բնակիչները նույնպես դեմ էին, այնինչ, հետո պարզվեց, որ այդ 26 բնակիչ ունեցող գյուղի բնակիչները, որոնք դեմ էին, աշխատում են համայնքի ղեկավարի ֆերմայում եւ մի բան էլ պետբյուջեից դոտացիայով փող են ստանում: Մենք ունենք նման մի 200-ից ավելի համայնք, որոնք ընդամենը 200 բնակիչ ունեն: Մեր նման փոքր երկիրը չի կարող 915 համայնք ունենալ, այդ պատճառով էլ մեր գերակա խնդիրներից է համայնքների խոշորացումը: Իսկ համայնքների խոշորացում չի նշանակում, որ բնակավայրը վերանում է, կամ գյուղի անվանումը փոխվում է,այս հասկացությունը զուտ կառավարման արդյունավետության նպատակով է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31