Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաքսու վարորդն ի՞նչ իրավունք ունի հարբած նստել ղեկին». ՃՈ գնդապետ

Դեկտեմբեր 19,2012 16:15

Անցնող տարում հանրապետությունում շուրջ 119 տաքսու վարորդ տուգանվել է ղեկին ոչ սթափ վիճակում նստելու համար: Միայն տաքսու վարորդների նկատմամբ այս տարի կազմվել է շուրջ 26 հազար վարչական իրավախախտման արձանագրություն, որը կազմում է ընդհանուր իրավախախտման արձանագրությունների շուրջ 7%-ը:

Այսօր «Արմատ» ակումբում այս մասին հայտնեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծրագրման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, գնդապետ Հայկ Սարգսյանը:

Գնդապետ Սարգսյանի կարծիքով` տաքսիստների` ղեկին ոչ սթափ նստելու համար առաջին հերթին պատասխանատու են տաքսի ծառայությունների տերերը:

Անդրադառնալով այս խնդրին` Ճանապարհային ոստիկանության գնդապետն ասաց. «Ամբողջ հանրապետությունում շուրջ 7500 գործող մարդատար

տաքսիներ կան` չհաշված այն «ստվերային» տաքսիները, որոնց թիվը հասնում է մոտ 3 հազարի: Այսքանին մենք վերահսկել չենք կարող:

Տաքսիներն ու տաքսու վարորդները պետք է վերահսկվեն իրենց գործատուների կողմից: Մենք չենք կարող մեր տեսուչին ասել` գնա`

տես տաքսու վարորդը ղեկին նստելուց առաջ ոգելից խմիչք օգտագործո՞ւմ ա, թե՞ չէ»:

Տաքսիների ծառայությունները բարելավող մոդել առաջարկեց ասուլիսի մյուս մասնակիցը՝ ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Փիթոյանը:

«Ամբողջ աշխարհում ավտոմոբիլային ֆեդերացիաները կառավարության կողմից տրված տարեկան մեկ անգամ տաքսու վարորդների շրջանում ստուգումներ անցկացնելու լիազորություններ ունեն: Մեր երկրում այդպիսի բան չկա: 2007 թվականին մենք ստեղծեցինք վարորդների թեստավորման վկայական ու առաջարկով դիմեցինք կառավարությանը: Մինչ այսօր մեր առաջարկին որեւէ պատասխան չի տրվել»,-նշեց պարոն Փիթոյանը` ներկայացնելով Գերմանիայի, Ավստրիայի այս ոլորտի փորձը:

Ասուլիսի վերջում բանախոսները խորհուրդ տվեցին բոլոր վարորդներին օգտագործել ձմեռային պայմանների համար նախատեսված անվադողեր եւ խուսափել, այսպես կոչված, «կապրոնե» անվադողերով ճանապարհ ընկնելուց:

Աշոտ ԱԹԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել