ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության համագումարում հնչած ելույթում ինքնախարազանման տարրեր կային: Այսօր «Սլաք» ակումբում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Հարցին, արդյոք դա ընդամենը նախընտրական ելույթ չէ՞ր, պարոն Մանասերյանը պատասխանեց, որ ՀՀ նախագահի նախկին ելույթներում էլ եղել են նման շեշտադրումներ: Մասնավորապես, ըստ պարոն Մանասերյանի, մի քանի ամիս առաջ իր ելույթում նախագահը խոսել է այն անհանդուրժողական մթնոլորտի մասին, որը երբեմն մեզանում հանդիպում է եւ խստագույնս վերաբերվեց ինքնախարազանման հարցին: Տնտեսագետի խոսքերով՝ նույն շեշտադրումները, նույն ոգով հնչեցին նախագահի նաեւ վերջին ելույթի ժամանակ:
«Կային շատ հարցադրումներ, որոնք առնչվում էին ոչ միայն ձեռքբերումներին, որքան խնդիրներին, որոնք մեզ թույլ չեն տալիս ավելի արագ իրագործել մեր առջեւ դրված նպատակները: Այս առումով կար անկեղծություն, եւ այն բացթողումները, որ եղել են մինչ օրս, նաեւ այն քայլերը, թե ինչպես կարելի է հաղթահարել դժվարությունները»,-ասաց պարոն Մանասերյանը:
Կարդացեք նաև
Վերլուծելով 2012 թվականը, տնտեսագետը նշեց, որ թեեւ տնտեսության մեջ որոշ առաջխաղացումներ եղել են, բայց ավելի շատ էին մարտահրավերներն ու խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն. «Մեզ համար մտահոգիչ խնդիրներից մնում են ստվերային տնտեսության բարձր տեսակարար կշիռը, գործազրկության բարձր մակարդակը, արտահոսքը, հատկապես երիտասարդ աշխատուժի արտահոսքը երկրից, գիտության անմխիթար վիճակը: Սա, ես կցանկանայի դիտարկել անմիջական կապի մեջ քաղաքական զարգացումների հետ: Ներդրումային միջավայրը, տնտեսությունը շատ զգայուն է եւ իր վրա կրում է տարբեր ազդեցություններ, իսկ 2012-ի խորհրդարանական ընտրությունները, որոշակի առումով նախընտրական տարին, իրենց հետքը թողեցին տնտեսության վրա: Նախընտրական տարի լինելը որոշակի ետ է պահում գործարար աշխուժությունը այն ակնկալվող արդյունքներից, որ կարող էինք ունենալ»:
Պարոն Մանասերյանի դիտարկմամբ, տնտեսությունում մրցակցությունը պետք է լինի ոչ միայն ազատ, այլեւ՝ արդար իսկ ՀՀ նախագահն իր խոսքում անդրադարձավ, որ Հայաստանը պիտի լինի ոչ միայն ազատ, այլեւ՝ արդար. «Ինձ համար, եթե տնտեսության ոլորտում չլինի արդար մրցակցություն եւ դա չարտացոլվի մենաշնորհների դեմ պայքարում, փոքր բիզնեսը չի կարող այդ միջավայրում բավարար թթվածին ունենալ կայանալու համար: Մրցակցելու արդարությունն այստեղ համար մեկ խնդիրն է եւ դառնում է իսկապես տնտեսական կատեգորիա, առանց որի, նաեւ չի լինի վստահություն: Եթե մենք ինքներս ներքին ներդրումները չխթանենք, արտաքին ներդրումները մեզ համար բնականաբար կլինեն շատ էպիզոդիկ եւ քաղաքականացված, չենք կարող ապագայում կանխատեսել՝ հատկապես ի՞նչ ծավալներ կարող են լինել եւ դրա պատճառներից մեկն էլ՝ բավականին լուրջ անկում ունեցանք օտարերկրյա ներդրումների»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ