«Լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց այն մասին, որ ես ՀՀ նախագահին առնթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովից դուրս գալու որոշում եմ կայացրել այն պատճառով, որ Սեւանին առնչվող փաստաթղթերը գաղտնի են պահվում եւ նախարարի հատուկ թույլտվությունից հետո միայն հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու դրանց: Սա ապատեղեկատվություն է: Իմ՝ հանձնաժողովից դուրս գալու պատճառը Սեւանա լճի բարձրացման գրաֆիկի ընդունումն է եղել: Ըստ այդ գրաֆիկի՝ լճի մակարդակը նախատեսված 1903,5 մ նիշին պետք է հասնի միայն 2013 թվականին, (տարեկան 20 սմ, սակայն 2012-2013թթ՝ տարեկան 18 սմ է, քանի որ, մինչ այդ արագ է բարձրացել )»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը:
Ըստ նրա՝սկզբում ուրախ է եղել, ընդգրկվելով հանձնաժողով (2008թ), սակայն մեկ տարի անց պարզել, որ դա այն չէ ինչ երազել է. «2005 թվականից մի կողմից հայտարարվում էր Սեւանա լճի պահպանության եւ նրա մակարդակի արագ բարձրացման քարոզչությունը, մյուս կողմից՝ կառավարության կողմից միջոցառումներ էին տարվում, որպեսզի կասեցվեր լճի մակարդակի բարձրացումը: Բայց այս հարցերն ապացուցելը շատ դժվար էր, եւ փաստորեն ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծված հանձնաժողովը շատ հարցեր հանգուցալուծման բերեց: 2009 թվականին պարզվեց, որ ուզում են Սեւանա լճին սանձել ու շրջանառության մեջ դրվեց գրաֆիկը: 2006 թվականին, ես հանձնաժողովի նահագահին գրեցի, որ սխալ ուղղությամբ են գնում, լուրջ խնդիրներ կառաջանան: Նույնը՝ բնապահպանության նախարարը մեկ տարի առաջ՝ 2005 թվականին էր գրել, որ Սեւանա լիճը 1,6 մետր բարձրացել է, եւ բնապահպանական ու տնտեսական խնդիրներ առաջացրել, նշվում էր նաեւ, որ նույնիսկ թռչնաբներն են ոչնչանում ու ամեն կերպ փորձում էին կասեցնել լճի մակարդակի բարձրացումը: Մեկ տարի անց՝ 2006 թվականին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հատուկ հանձնարարական տվեց Սեւանա լճի ալեկոծման ազդեցությունը, որը 5 մետր էր՝ իջեցնել 1,5-ի: Բոլորի համար էլ հասկանալի է, թե ինչու այդպես արվեց, դրանով հնարավոր կլիներ ավելի շատ շենքեր կառուցել ափամերձ տարածքներում: Միաժամանակ, նույն այդ կարգադրությամբ, Սեւանա լճի կղզում կառուցվեց նավահանգիստ, հետո նաեւ պարզվեց, որ դրա եւ մյուս տարածքների տերերը ունեն թանկարժեք մոտորանավակներ ու որպեսզի չկորցնեն, դրանք պահում են հատուկ կառուցված խոռոչներում ու լճի մակարդակի բարձրացումը, նրանց խանգարում էր»,-մանրամասնեց Սանասարյանը, հավելելով, որ Սեւանա լճից պարբերաբար ջուր է վերցվել ու չի հիմնավորվել, թե ինչու է դա արվում:
Ըստ նրա՝ պետության իշխանության վարած քաղաքականությունը Սեւանա լճի նկատմամբ՝ պետք է փոխվի, հակառակ դեպքում, մենք կկորցնենք այն:
Կարդացեք նաև
Սանասարյանը ներկայացրեց նաեւ մի փաստաթուղթ, որը 2009 թվականին տրվել է արդարադատության նախարարության առաջին տեղակալի կողմից: Դրանում մասնավորապես նշվում է, որ Սեւանա լիճը պետք է վաճառվի, սեփականաշնորհվի, որովհետեւ ցանկացած ապրանք պետք է տեր ունենա:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ