Այսօր «Ֆորում» ակումբում Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ամփոփեց միության այս տարվա աշխատանքները եւ ասաց, 2012թ. ընթացքում միջին հաշվով տպագրվել է շուրջ 2000 անուն գիրք, որի մոտ 18 տոկոսը կազմում է գեղարվեստական գրականությունը: «Գրողների միությունը տարվա ընթացքում կազմակերպել է շուրջ 135 գրական միջոցառում, այդ թվում՝ շնորհանդեսներ, նոր գրքերի մասին քննարկումներ, հանդիպումներ, համաժողովներ: Ամենակարեւորը՝ համագործակցություն է հաստատվել երկրի գրադարանային համակարգի հետ: Մենք շարժվել ենք մի քանի ուղղություններով, որոնցից առաջնայինը այսօրվա գրականության տպագրությունն է: Գրվում են լավ գրքեր, որոնք տպագրվում են պետպատվերով կամ մասնավոր ներդրումների հաշվին»,-ասաց Անանյանը:
Ապա հավելեց, որ տարբեր լեզուներով տպագրվում է արդի հայ գրականությունը. «Սա մեծ ձեռքբերում է, քանի որ հաճախ գրականությունից հեռու, բայց «գրականամերձ մտավորականները» վայրահաչում են, թե այսօր մենք գրականություն չունենք»:
Ասուլիսի ընթացքում ներկաներից մեկը հանդիպման ընթացքը «կտրելով»՝ ներկայացավ որպես Հովհաննես Աղաջանյան, ում գրականությունը կարելի է գտնել Ազգային գրադարանում: Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ խախտվում է ասուլիսի անցկացման կարգը, Հովհաննես Աղաջանյանը ձայնը բարձրացրեց Լեւոն Անանյանի վրա, եւ երկուսի միջեւ լեզվակռիվ սկսվեց, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.
Կարդացեք նաև
– Ինչու՞ ես լռեցնում, այ ընկեր (Լեւոն Անանյանին է դիմում): Դուք խոտան եք տպագրում, ամեն ինչ վարդագույն եք ներկայացնում եւ անհեթեթ մրցանակներ բաժանում:
– Խնդրում եմ՝ չտեսագրեք, որովհետեւ դա է սրանց ուզածը: Սա նկարահանվելու համար է եկել:
– Պետպատվերով տպագրված գրականության 90 տոկոսը պատռվում եւ նետվում է: Իսկական գործը չեք տպում, այլ տպում եք խոտանը:
-Էս խոտանչուն դուրս հանեք: «Ազատ գոտում» թեւերից բռնած՝ նրան դուրս հանեցին:
– Խոտանչին դուք եք, այ ընկեր: «Թայֆաբազի» մեկն եք եւ գրականության առաջընթացի խոչընդոտ:
-Ոստիկանություն կանչեք: Հանեք այս անկիրթին…հոգեկան հիվանդների…
Վերջում, դիմելով օպերատորներին եւ լրագրողներին, Հովհաննես Աղաջանյանը հարցրեց. «Գոնե այսքանից մի բան տեսագրեցի՞ք»:
«Չէ, չէ…,-ժպտալով պատասխանեց Անանյանը, ապա հավելեց,- տեսնո՞ւմ եք՝ ինչ թունավոր գոտում եմ աշխատում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ