Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյան (Շմայս). «Ես հենց Ժիրոյին եմ ասում՝ դու արժանի չես գեներալի անունը տալուն»

Դեկտեմբեր 19,2012 15:30

Օրերս Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ ս կգնահատի Արցախյան պատերազմի հերոս- գեներալներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի աշխատանքը ազգային խորհրդարանում, այս գեներալների մուտքը խորհրդարան ունի՞ արդյոք իմաստ, ի՞ նչ տեսակ հարցեր կարող են լուծել նրանք, կարծիք էր հայտնել, որ նրանք գեներալ կոչվելու իրավունք չունեն: Սեֆելյանի այս միտքը զայրացրել է գեներալ- լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մարտական ընկերոջը՝ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայսին):

Այս առիթով Aravot.am- ի հետ զրույցում պարոն Մովսիսյանն ասաց. «Եթե գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը գեներալ կոչվելու իրավունք չունի, ապա էլ ով ունի՝ ղարաբաղյան պատերազմի տարիներին սենյակներից դուրս չեկածնե՞րը, ովքեր էսօր աջ ու ձախ անկապ-անկապ խոսում են: Արցախի ժողովուրդը եւ նախագահը հենց այնպես հերոսի կոչումներ չեն շնորհում, այսօր Արցախի հերոս կոչումը ամենաբարձրագույն պարգեւն է, իսկ գեներալ- լեյտենանտ Մանվել Գիրգորյանը Արցախի հերոս է: Գնացեք Մարտակերտի եւ Հադրութի շրջաններ, տեսեք զոհված հերոսների շիրիմները, խաչքարերը, այդ անբարո հայտարարությունները գեներալի յուրաքանչյուր զոհված զինվորի հիշատակի դեմ են: Ես համարում եմ, որ Սեֆիլյանը ոչ թե Մանվել Գրիգորյանին է ասել դա, այլ ինձ է ասել, գեներալի մարտական ընկերներին է ասել, էն մարդկանց, ովքեր կռվել են Ղարաբաղի ազատագրության համար, եւ ես համարում եմ, որ Սեֆիլյանի կարգի մարդիկ իրավունք չունեն խոսել գեներալների եւ հերոսների մասին, մեր՝ կռված տղերքիս մասին, գեներալի զինակից ընկերների մասին: Ես հենց Ժիրոյին եմ ասում՝ դու արժանի չես գեներալի անունը տալուն, մեր հրամանատարը պատերազմի հերոս է եւ նրա մասին անբարո հայտարարություններ անողներին ես թուրք եմ համարում եւ նրանք այսուհետ գործ կունենան նրա զինակից ընկերների հետ. անձամբ իմ հետ՝ Շմայսի»:

ԱԺ պատգամավոր , գեներալ Մանվել Գրիգորյանի զինակից ընկեր Արմեն Մխիթարյանը եւս խիստ վրդովված էր Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններից եւ այսպես արտահայտեց իր վրդովմունքը. «Ղարաբաղի հերոս, պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի անունը փառքով է մտել արցախյան պատերազմի պատմության մեջ, նրա հրամանատարության շնորհիվ, նրա մարտական ընկերների արյան շնորհիվ այսօր ունենք ազատագրված Արցախ, ինքնուրույն Արցախի հանրապետություն եւ, պարզապես սրիկայություն է այդ մարդու մասին, արցախյան պատերազմի հերոսների մասին այդ կարգի հայտարարություններ անելը: Մենք մեր հերոսներին պարտավոր ենք փառաբանել, իսկ նրանք, ովքեր փորձում են սեւացնել մեր գեներալների ապրած կյանքը եւ անցած փառավոր ուղին, պարզապես թշնամի են, այդպես կարող են միայն թշնամիները վարվել, ես ապշած եմ, թուրքերը իրենց մարդասպանին հերոսացնում են, իսկ մեզանում որոշ տխրահռչակներ փորձում են մեր իրական հերոսներին, մեր հրամանատաներին սեւացնել: Ամոթ, եւ մենք դա թույլ չենք տա: Մենք վրդովված ենք, եւ զգուշացնում ենք՝ ձեզ կարգին պահեք եւ խոսելուց առաջ մի քիչ մտածեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31