Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգագրագետ. Այսօր Նոր տարին կենտրոնացել է ոչ թե եկեղեցու, այլ սեղանի շուրջը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2012 14:43

«Երկու երես» ակումբում այսօր ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանը ներկայացրեց Ամանորի խորհուրդը եւ տոնի նախապատմությունը: «Ներկայումս հունվարի 1-ն է համարվում տարեսկիզբ, սակայն իրականում հունվարի 1-ը պատմական հիմքեր ունի: Ք.ա. 45թ.-ին Հուլիոս Կեսարը տոմարական բարեփոխումներ կատարեց, եւ որպես տարեսկիզբ ընդունվեց հունվարի 1-ը: Հետագայում տարբեր երկրներ հունվարի 1-ը պաշտոնապես հաստատեցին որպես տարվա մեկնարկային օր: Քանի որ Հուլյան տոմարային տարին ժամանակային անհարթություններ ուներ, մասնավորապես՝ 365 օր 6 ժամ, իսկ տոմարական տարին՝ 365 օր 46 րոպե, հետեւաբար, ժամանակային այդ կուտակումները խախտումներ առաջացրեցին: 1582թ.-ին Հռոմի Գրիգորիս 13-րդ պապը կատարեց տոմարական բարեփոխում. հոկտեմբերի 4-ին հաջորդեց ոչ թե հոկտեմբերի 5-ը, այլ հոկտեմբերի 15-ը: Այդպես կատարվեց ժամանակային թռիչք, եւ ժամանակն ընկավ իր տեղը»,-ասաց Հասմիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ հայ իրականության մեջ կենցաղավարել է դեռեւս 16-17-րդ դդ, սակայն պաշտոնապես ընդունվել է 1920թ.-ին. «Մեր իրականության մեջ Սուրբ Ծնունդը տոնում ենք հունվարի 6-ին, իսկ ուղղափառ եկեղեցիները՝ 13 օր անց: Քաղաքացիական օրացույցում ուղղափառ եկեղեցիներն առաջնորդվում են հունվարի 1-ով, սակայն եկեղեցական օրացույցում հավատարիմ են մնացել Հուլյան տոմարին: Այդ պատճառով պահպանվում է 13 -օրյա տարբերությունը: Այսօր շատ ենք հանդիպում հին տոմար եւ նոր տոմար հասկացություններին, որոնք, ըստ երեւույթին, Հուլյան եւ Գրիգորյան տոմարների տարբերություններն են»:

Հասմիկ Աբրահամյանն ասաց, որ Նոր տարին ունի սկզբի, նորի եւ միասնության խորհուրդ. «Այսինքն՝ կրկին համախմբվում է ընտանիքը, ամփոփվում է տարին եւ սկսվում նորը: Նոր տարին ընտանեկան, համայնքային տոն է, ինչն արտահայտվում է նաեւ բազում ծիսաշարերում: Ընտանեկան մի շարք սովորույթների համաձայն՝ շնորհավորանքներն ուղղվում են ընտանիքի անդամներից մինչեւ գյուղի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդներին: Ներընտանեկան ավանդության համաձայն՝ գլխավոր շնորհավորանքը ստացողը տան ավագն է, ով իր հերթին առաջինը պետք է շնորհավորի գյուղի ղեկավարին եւ հոգեւոր առաջնորդին»:

Ազգագրագետի խոսքով. «Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, ինչը բավական տարածված է եղել մեր ավանդական կենցաղում: Առհասարակ, ցանկացած տոն սկսվել է պատարագին մասնակցություն ունենալուց հետո: Մինչեւ մարդիկ չգնային պատարագի եւ չհաղորդվեին, ընդունած չէր սեղանի շուրջ տոնական հավաքույթներ անել: Իսկ այսօր մենք ամեն ինչը կենտրոնացնում ենք սեղանի շուրջը, մինչդեռ ավանդական կենցաղում ամեն ինչ կենտրոնացել է եկեղեցու շուրջը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31