«Ես կարծում եմ, որ բոլորդ կռահում եք, որ գաղտնալսումներ կատարվում են եւ ոչ միայն այդ քաղաքական ուժերի նկատմամբ: Գաղտնալսումը լավ բան չէ։ Այն հանցանք է, և քանի որ այն իրականացվել է առանց դատարանի թույլտվության, պետք է բացահայտվի։ Արել են թե´ մասնավոր անձինք, թե´ պետական մարմինների ներկայացուցիչներ՝ հրամանով, թե´ սեփական նախաձեռնությամբ, մեր հասարակության միջից պետք է այդ կասկածն, այնուամենայնիվ, հանվի: Պետք է բացահայտվի՝ եթե Հյուսիսային Կորեա ենք՝ իմանանք, բայց եթե մենք ժողովրդավարությանը ձգտող համակարգում ապրող Հայաստան ենք, այդ էլ վատ չէր լինի իմանալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի խոսակցության գաղտնի ձայնագրությանը: Նա նկատեց, որ այսօր այդքան էժան ու մատչելի են լսող սարքերը, որ ցանկացածը կարող է դրանցից օգտվել:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում պարոն Հովհաննիսյանը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ իր խոսքի վրա արած այն ռեպլիկին, թե «Պարոն Հովհաննիսյան, ես չեմ ահաբեկում: Դուք լավ գիտեք, թե ահաբեկելու համար որտեղ են հայտնվում»: Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանն այդ ռեպլիկն արել էր խորհրդարանում, «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հակադարձելով Վահան Հովհաննիսյանի դիտարկմանը՝ «Պարոն Աբրահամյան, տեռոր եք անո՞ւմ»: Հիշեցնենք, Վահան Հովհաննիսյանը ազատազրկված է եղել «30+Վահան Հովհաննիսյանի գործով»` մեղադրվելով նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ահաբեկչական գործողություն ծրագրելու մեջ: Ազատ է արձակվել այն ժամանակ, երբ իշխանության է եկել Ռոբերտ Քոչարյանը: Վահան Հովհաննիսյանն ասաց. «Դա կատակ էր: Հովիկ Աբրահամյանն անհաջող կատակ արեց»: Դիտարկմանը՝ կարող է Հովիկ Աբրահամյանը Սողոմոն Թեհլերյանին նկատի ուներ, Վահան Հովհաննիսյանն արձագանքեց. «Եթե ինչ-որ մեկը Հայաստանում ուզում է իրեն դնել Սողոմոն Թեհլերյանի զոհերի հետ նույն հարթակի վրա, ուրիշ խնդիր է: Բայց, ես չեմ կարծում, որ տվյալ դեպքում դա էր: պարզապես կատակ էր, որը չարժեր անել պառլամենտի դահլիճում»:
Նախագահական ընտրություններին մասով Վ, Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ՀՅԴ-ն դեռևս հստակ որոշում չի կայացրել, բայց ընտրություններին անպայման մասնակցություն կցուցաբերի։ «Իհարկե մասնակցելու ենք, սակայն ի՞նչ ֆորմատով, դեռևս չենք որոշել։ Մասնակցության ֆորմատը կորոշենք Գերագույն մարմնի նիստի ընթացքում, որից հետո հանրությունը կտեղեկանա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ