ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի գնահատմամբ, Զուրաբյանի եւ Օսկանյանի մասնավոր զրույցի ապօրինի գաղտնալսումն ու տարածումը նողկալի արարք է, խիստ դատապարտելի եւ քրեորեն հետապնդելի: «Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն հանցագործին բացահայտելու գործում»,- այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Բադեյանը:
Ըստ նրա, անհիմն է այդ հարցում ԱԱԾ –ին ուղղված մեղադրանքները, որովհետեւ, իր համոզմամբ, ցանկացած քաղաքացի, որը հեռախոս ունի, կարող է գաղտնալսել. «Բացառում եմ: Այդ ծառայությունն իրավունք ունի գաղտնալսել միայն դատարանի թույլատրությամբ, չի կարող օրենք խախտել, որեւէ տրամաբանություն չեմ տեսնում: Սա խփում է նաեւ իշխանություններին, սրա կատարողն ու կազմակերպիչը իշխանությանը վարկաբեկելու խնդիր է ունեցել: Տհաճ է, երբ մեջքի հետեւից լսում են քո մասնավոր խոսակցությունը»:
«Կարող է դուք էլ լինեք»,- հավելեց Բադեյանը՝ դիմելով լրագրողներին:
«Կարողան ցանում են չի բուսնում»,- միջամտեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Հետո հավելեց, որ դատապարտում է գաղտնալսումը ու համարում այն պետական դավաճանություն:
Կարդացեք նաև
Պարոն Բադեյանը պետական շահ չի տեսնում երկու պատգամավորների զրույցի հրապարակման մեջ. «Մի բաժակ ջրի մեջ փոթորիկ եք ուզում ստեղծել, բարոյական նորմերի խախտում է, պետական շահ չեմ տեսնում, քաղաքական նպատակներ, սա բացարձակ հակաբարոյական արարք է»:
Անդրադառնալով ԱԺ էթիկայի հանձնաժողովին՝ ԲՀԿ-ական պատգամավորը ասաց, որ քաղաքական մեծամասնության այսօրվա նախագիծը մեղմ ասած տեղին չէ. « Այսօրվա բերածը ինձ հիշեցնում է դոմինո խաղը, երբ երկու կողմից նույն ֆիշկեքը խփում են եւ գոռում ես՝ ռիբա: Ուրեմն տուպիկ, էլ բան չկա անելու: Մեկ ընդդիմադիր եւ մեկ դիմադիր կողմ քվեարկեցին հարցը էլ չի քննարկվելու, հանձնաժողովը չի աշխատելու եւ միակողմանի քաղաքական մեծամասնությունը ինքը որոշելու է, ինքը որոշումներ է կայացնելու: Էթիկայի հանձնաժողովը սպանեցինք հայկական էթիկայի կանոններով»:
Պարոն Խաչատրյանը նաեւ հավելեց, որ ոչ մի կոմպրոմիս էլ չունեն ՀՀԿ-ի հետ այդ հարցում, ինչպես ասել էր Էդուարդ Շարմազանովը:
Պարոն Բադեյանն էլ հակադարձեց, որ էթիկայի հանձնաժողովի նոր կազմավորումը ՀՀԿ համագումարում նախագահի հնչեցրած հանդուրժողականության արմատավորելու ուղղությամբ աշխատանքի շարունակությունն է. «Մի մոռացեք, որ էթիկայի հանձնաժողովը դիտարկելու է այս կամ այն քաղաքական ուժի անձերի հարցը: Տեսեք ՝ ինչ է ստացվում մեր էթիկայի հանձնաժողովում, ունենք երկու կոալիցիոն, մեկը իբր ընդդիմադիր, երեքն էլ ընդդիմադիր ուժեր: Անկախ նրանից, թե մարդը էթիկայի նորմերի խախտում արել է , թե ոչ, էթիկայի հանձնաժողովում քաղաքական որոշում կկայացվի, որովհետեւ այնտեղ մեծամասնությունը կազմում են ընդդիմադիր ուժերը: Մեր առաջարկը բերում է կոմպրոմիսային դաշտ անձերի քննարկումը, քաղաքական մոտիվով կարող են ՀՀԿ-ական ասեն, պիտակավորեն , գնդակահարեն, եւ խայտառակեն»:
Պարոն Խաչատրյանը չհամաձայնեց ու հավելեց. «Համաձայն կլինեի, եթե հանրապետականներն առաջարկեին, որ բոլոր այն հարցերում, երբ անձնական խնդիր է լուծվում, գնանք կոնսենսուսի ճանապարհով, օրինակ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը: Գուցե ընդունեինք, որ նպատակը կոնսենսուսն է: Բայց քանի որ մի տեղ իրենց ձեռ է տալիս այսպես, մի տեղ ձեռ չի տալիս ու բացատրել կոնսենսուսով՝ միամիտների համար է ու ծիծաղելի»:
Պարոն Բադեյանն էլ բացատրեց, որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը Սահմանադրությամբ է ամրագրված. «Էթիկայի խախտման խնդիրները, ոչ թե քրեական գործերն ենք ուսումնասիրում, դրա համար էլ նրա անունը էթիկայի հանձնաժողով է»:
«Ի՞նչ տարբերություն, քվեարկություն է, չէ՞»-, էլի չհամաձայնեց պարոն Խաչատրյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի