ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ հարց տալու համար լրագրողի ծնոտը պոկելու սպառնալիքների հետ կապված այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինքանո՞վ է ՀՀԿ-ի համար նման երեւույթն ընդունելի ու ի՞նչ են պատրաստվում անել իրենք՝ անպատժելիության մթնոլորտը վերացնելու հայտարարություններից բացի: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գիտեք, ես հետաքննող մարմին չեմ: Եթե դա այդպես է եղել՝ դա շատ վատ բան է: Իսկ ինչը որ նախագահն է ասում, ես եմ, մենք ենք ասում, չի նշանակում համագումարն ավարտել եւ ամեն ինչ իր տեղն է ընկնելու: Համենայնդեպս, մենք պայքարում ենք: Այ հիմա այս խնդիրը առաջացրեցիք, ես հետը կխոսեմ, նորից ինչ-որ բաներ կասեմ՝ պիտի զսպեք: Այդպես չի, որ յուրաքանչյուր դրվագում մարդիկ պիտի մորթվեն: Ավելի շատ պրոֆիլակտիկ միջոցները պիտի օգտագործել»:
Մենք ճշտեցինք՝ պիտի զսպեն իրենց մինչեւ ընտրությո՞ւն՝ նա պատասխանեց. «Ես միջադեպը չեմ քննարկում, որովհետեւ ի՞նչ, ուզում եք Մհեր Սեդրակյանին կանչեմ եւ հետաքննությո՞ւն կազմակերպեմ այդ առումով: Եթե դա իրողություն է, դա, բնականաբար, մեզ համար ընդունելի չէ: Հիմա դուք չեք կարող համեմատել տասը տարի առաջը, հինգ տարի առաջը այսօրվա իրավիճակի հետ: Եթե այսօր միջադեպեր են, տարիներ առաջ դրանք ամենօրյա գործառույթներ էին: Այսինքն, որոշակի քայլեր արդեն արվել են»:
Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է սպասվում Մհեր Սեդրակյանին, եթե youtube-ում տեղադրվի տեսանյութը, կադրերը, նա պատասխանեց. «Երբ որ ձեր առաջարկությամբ ես կդառնամ ՀՀ դատախազ կամ քննիչ, կբացեմ հոդվածները, կնայեմ ինչ կլինի եւ կասեմ: Ես խմբակցության ղեկավարն եմ, քաղաքական տեսակետից կանեմ այն, ինչը իմ լիազորությունների շրջանակում է: Բայց ես չեմ էլ կարծում, որ չգիտեմ ինչ է եղել եւ մեր Մհերը (նկատի ունի Ա1+-ի լրագրող Մհեր Արշակյանին) բողոքում է, թող Էթիկայի հանձնաժողով բողոքի: Նորմալ մարդիկ չեն բողոքում, նորմալ մարդիկ պայքարում են, իսկ Մհերը պայքարող է»:
Կարդացեք նաև
Թե կոնկրետ իր լիազորությունների շրջանակում ի՞նչ է անելու կամ ասելու Գալուստ Սահակյանը Մհեր Սեդրակյանին՝ նրա խոսքերով՝ նախ պիտի իրողությունը ճշտեմ. «Պետք է Մհերներից իրողությունը ճշտեմ: Հիմա մենք ունեցել ենք մեծ Մհեր էլ, Փոքր Մհեր էլ: Փոքր Մհերը պիտի մնար ժայռի մեջ, երբ որ լավ ժամանակներ գար՝ նոր դուրս գար, հիմա ինքը ժամանակից շուտ է դուրս եկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի