«Հոր հետ մեծացավ ֆուտբոլի դաշտում՝ գնդակի հետ»
Սահմանամերձ Չինարի գյուղում Սարգիս Ոսկանյանի ընտանիքը միշտ եղել է գյուղի ամենաբազմանդամ ընտանիքներից մեկը: «Իմ սկեսուրը 12 երեխա է ունեցել, էս տանը միշտ 20 հոգուց ավել մարդ ա ապրել: Բայց էսօր մնացել ենք ես ու ամուսինս՝ դուռը ծածկած»,- ասում է Սարգիսի 56-ամյա մայրը՝ Սիլվա Ոսկանյանը:
1981 թվականին ծնված Սարգիս Ոսկանյանն ընտանիքի ավագ զավակն էր: Նա մեկ քույր ուներ։
«Փոքրուց ուզում էր սպորտսմեն դառնալ, շատ էր սիրում սպորտը, հատկապես ֆուտբոլ: Մտածում էր Ֆիզկուլտուրայի ինստիտուտ ընդունվի, բայց պայմաններից ելնելով, չկարողացավ երեխես իրա նպատակին հասնի: Դպրոցն ավարտելուց հետո՝ 1999-2001-ին, գնաց բանակ՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու»,- այսպես է հիշում Սարգիսին մայրը:
Սարգիսը, դեռ 4-5 տարեկանից, հոր հետ գնում էր հարեւան գյուղ՝ ֆուտբոլ խաղալու: Մայրը նրա համար ֆուտբոլիստի համազգեստ էր կարել, որով նա շատ էր հպարտանում: «Այ տենց փոքրուց հոր հետ մեծացավ ֆուտբոլի դաշտում՝ գնդակի հետ»,- ասում է մայրը:
Դպրոցում Սարգիսն ամենասիրված եւ բարձր առաջադիմությամբ աշակերտներից մեկն էր: Բոլոր ուսուցիչները հորդորում էին, որ Սարգիսն ընտրի մանկավարժի մասնագիտությունը եւ օտար լեզուներ՝ ռուսերեն կամ անգլերեն դասավանդի:
Սիլվան պատմում է, որ դպրոցում որդու հասցեին միշտ գովասանքի խոսքեր էր լսում. «Տնօրենը շատ էր սիրում Սարգիսիս: Հիշում եմ, որ 10-րդ դասարանում ժողով էր, ինքն էլ, որ լավ էր սովորում, ես միշտ ժողովներին հպարտ էի նստում ու միշտ առջեւում: Դասատուն բոլորի մասին հերթով խոսում էր, հերթը հասավ Սարգիսին. ասավ՝ Ոսկանյան Սարգիս, ես էլ շատ գոհ ժպտացի, ասավ՝ ընկերնե՛ր, էս տղային, եթե Բերդի մեր ղեկավարների մեջ նստացնենք, իրա կուլտուրայով, իրա բառապաշարով չի տարբերվի ոչ մեկից, բայց դասի ժամին ինչի՞ խելոք չի մնում: Շատ վատ զգացի, բոլորը գոհ էին, հատկապես ռուսերենի եւ անգլերենի ուսուցիչները, զարմացա, թե ո՞ւմ դասին խելոք չի մնում: Դու մի ասա, մի ջահել ուսուցչուհի ունեն, նրա հետ չի կարողանում հարմարվի դասին: Գիտեի, որ շատ չաչանակ էր, դասերի ժամանակ շատ էր խոսում, դասընկերների գլխին կատակներ էր անում, բայց շատ համեստ էր, կռվարար չէր, բոլորին հաշտեցնում էր»:
Ու թեեւ դեռ մանկուց Սարգիսը սիրում էր սպորտը, սակայն պրոֆեսիոնալ մարզիկ նրան այդպես էլ չհաջողվեց դառնալ:
Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նա, այնուամենայնիվ, որոշում է հայրենի գյուղում երեխաների ֆուտբոլի թիմ ստեղծել ու մի քանի ամիս անվճար ֆուտբոլի դասեր է անցկացնում: Մայրը պատմում է, որ շատ ոգեւորված էր երեխաներով եւ հույս ուներ, որ մի օր ֆուտբոլի առաջնությունից հաղթանակով են վերադառնալու:
Որոշ ժամանակ անց Սարգիսը մեկնում է Երեւան՝ արհեստ սովորելու, եւ շինարարության ու վերանորոգման աշխատանքներ է կատարում:
«Երկու տարում ահագին բան սովորեց էրեխեն, շատ ընտիր արհեստավոր էր, ինչ գործ ասես ձեռքից գալիս էր, ամեն մի մատը ոսկի էր: Հետո իրա փեսան՝ աղջկաս ամուսինը, կանչեց Կիրովական՝ աշխատելու: Էնտեղ էլ տեսել էր ապագա կնոջն ու սիրահարվել: 25 տարեկանում ամուսնացավ: Երկու երեխա ունի: Տղան 2.5 տարեկան էր, աղջիկը 1 տարեկան 3 ամսական էր, որ ինքը զոհվեց: Էտ էլ իմ երեխու բախտն էր, իրա աչքը մնաց իր երեխեքի ու իր կնոջ վրա»,- ցավով ասում է մայրը:
Ամուսնությունից հետո մի որոշ ժամանակ Սարգիսն ընտանիքի հետ բնակվում է Վանաձորում, սակայն հոր առողջական խնդիրների պատճառով վերադառնում է հայրենի տուն: Մայրը միշտ համոզում էր, որ Սարգիսն իր ընտանիքի հետ քաղաք տեղափոխվի. շատ էր վախենում նրանց համար, քանի որ սահմանից գյուղի ուղղությամբ կրակոցները շարունակվում էին. «Ինչքան համոզեցի, որ մնա քաղաքում՝ չլսեց, հետ եկավ: Ասում էր. մամ, ես ստեղ պապային հիվանդ չեմ թողնի: Ասեց՝ ուզում ես, որ ես գամ, ավտոբուսից իջնեմ գյուղամեջում ու գլուխս կախ տուն գա՞մ»:
2009թ. Սարգիս Ոսկանյանն անցնում է պայմանագրային ծառայության՝ չնայած, որ ծնողները դեմ էին:
Սարգիսի ծնողներն ասում են, որ իրենց որդին իրենց աչքի ճրագն էր, շատ էր սիրում, երբ տանը լավ տրամադրություն էր տիրում եւ ուրախ երաժշտություն ու պար էր լինում: «Տեղով ծափ ու ծիծաղ էր,- ասում է մայրն ու հուզված շարունակում,- ծափ-ծիծաղ, ուրախություն: Դե հիմա էտ աշխարհ քանդողի տունը քանդվեր, որ քանդեց մեր երիտասարդների տունը: Բա մայրը 28 տարեկան երեխուն հողը կդնի, ինքը գլուխը բարձին կդնի ու խիղճը հանգիստ տեղը կմտնի՞: Ի՞նչ ծնող ենք… Բայց մեկ էլ, որ նայում ես աշխարհին, ասում ես՝ է՛հ, էնքա՜ն ինձ նման ծնողներ կան՝ դուռը ծածկած երեսներին: Մնացինք անտեր-անտիրական, հայրը ոչ մի կերպ չի հարմարվում, աչքը միշտ ճանապարհին ա, ասում ա՝ իմ երեխեն էտ ճանապարհով էր գալիս»:
Մայրը պատմում է, որ ամբողջ գյուղը սգում էր Սարգիսի մահը եւ հիմա, հաճախ, երբ գնում է նրա գերեզմանին, թարմ ծաղիկներ են դրված լինում եւ ծխացող խունկ է լինում:
«Սարգիսիս կինն ու երկու երեխաները հիմա Վանաձորում են ապրում: Երեկ իրա տղի հինգ տարեկանը լրացավ, զանգել ա, ասում ա՝ տատի՛, գնացե՞լ ես՝ պապայիս ասես, որ հինգ տարեկան եմ արդեն:
Իմ տղի կյանքն էդքանն ա եղել…»,- թախիծով ասում է Սարգիսի մայրը:
Սարգիս Ոսկանյանը զոհվել է 2010թ. մարտի 1-ին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում՝ ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 28 տարեկան էր:
«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:
Լուսանկարները՝
ԿԱՐԻՆԵ ԻՈՆԵՍՅԱՆԻ
Ակնարկը պատրաստվել է
բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
«Առավոտ» օրաթերթ