Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Չուխաջյանը հեղինա՞կն է Թուրքիայի օրհներգի

Դեկտեմբեր 19,2012 13:54

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին ակորդն էր նոյեմբերի 31-ից մեկնարկած «Չուխաջյանֆեստի», որն իրավահաջորդն է 2010թ. սկիզբ առած եւ ավանդաբար անցկացվող հայ կոմպոզիտորական արվեստի «Սարյանֆեստ», «Բաբաջանյանֆեստ» փառատոների:

Մինչ եզրափակիչ երեկոն, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում հրավիրվել էր դասախոսություն-քննարկում՝ նվիրված Տիգրան Չուխաջյանին: Բանախոսը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանն էր: Մենք զրուցեցինք արվեստագիտության դոկտորի հետ:

«Չուխաջյանին վիճակվեց ապրել եւ գործել Թուրքիայում՝ հետամնաց երկրի իրավազրկության պայմաններում: Պոլսի հետ էին կապված ապագա երաժշտի մանկությունն ու պատանեկությունը, լարված գործունեության, անդուլ որոնումների, մեծ նվաճումների ու դառը փորձությունների տարիները: Պոլսում ստացած նախնական երաժշտական կրթությունը ի հայտ բերեց երիտասարդ հայ պատանու երաժշտական օժտվածությունը, որն իր զարգացումը ստացավ Երանյանի, այնուհետեւ իտալացի հանրահայտ Մանձոնիի ղեկավարությամբ: Բնականաբար, Իտալիայի ողջ հոգեւոր մթնոլորտը, երաժշտական հարուստ ավանդույթները վճռորոշ նշանակություն ունեցան կոմպոզիտորի երաժշտական սկզբունքների ամբողջացման գործում: Առանձնապես մեծ էր Վերդիի օպերաների նշանակությունը հայ կոմպոզիտորի համար: Մեծանուն Վերդիի ազգային-ազատագրական պայքարին համահունչ, սոցիալական խոր իմաստ ունեցող օպերաները իսկապես արդիական արվեստի դպրոց էին Չուխաջյանի համար: Պոլսի հայաբնակ շրջաններում որպես դաշնակահար եւ դիրիժոր հանդես գալով, Չուխաջյանն իր ստեղծագործական աշխատանքը հիմնականում կապում է թատրոնի հետ, երաժշտություն գրում ներկայացումների համար: Թատրոնի հետ անմիջական կապը, բեմադրվող ներկայացումների հայրենասիրական ուղղվածությունը, հասարակության ջերմ արձագանքը, վերջապես՝ ազգային զարթոնքի ողջ մթնոլորտը, ինչը կրկնապատկվում էր իտալական տպավորություններով, նոր որոնումների ազդակ հանդիսացան: Թոմաս Թերզյանի «Արշակ Բ» գործը հիմք հանդիսացավ կոմպոզիտորի առաջին նույնանուն օպերայի մտահղացման համար, ինչը ավարտին հասցրեց 1868թ.»,- ներկայացրեց Աննա Ասատրյանը:

Մեր զրուցակիցը փաստելով, որ հայկական օպերային գրականության հիմնադրի գործերից (թվով 6 օպերա) այսօր մեզանում ներկայացվում է երկուսը՝ «Արշակ Երկրորդն» ու «Կարինեն», ասաց. «Կոմպոզիտորն ունի «Զեմիրե» օպերան, որը հայկական իրականության մեջ առաջին հեքիաթ-օպերան է, ինչը կոմպոզիտորն անվանել է կախարդապատկեր»: Ավելին, արվեստագիտության դոկտորը հայտնեց, որ երբեւէ Հայաստանում չէին ներկայացվել Չուխաջյանի դաշնամուրային ստեղծագործությունները, տեղեկացնելով, որ դրանք առաջին անգամ հնչեցին դեկտեմբերի 12-ին՝ ԳԱԱ նիստերի դահլիճում, հավելելով, որ այդ օրը, տասնամյակների լռությունից հետո, կատարվել են նաեւ կոմպոզիտորի ռոմանսները:

Աննա Ասատրյանն ասաց, որ դեկտեմբերի 21-ին էլ Գրականության եւ արվեստի ինստիտուտում կկայանա միջոցառում՝ նվիրված Չուխաջյանի հոբելյանին, շեշտելով, որ այդ վայրը միակ անկյունն է, որտեղ ներկայացվող նյութերով կարելի է «ծանոթանալ» կոմպոզիտորին:

Հարցին, թե ճի՞շտ է վաղուց շրջանառվող այն տեսակետը, թե Թուրքիայի օրհներգում կան չուխաջյանական ինտոնացիաներ եւ մեր պատմաճարտարապետական որոշ հուշարձանների օրինակով, Չուխաջյանին էլ են «իրենցով արել» թուրքերը, Աննա Ասատրյանը պատասխանեց, թե Թուրքիայի օրհներգը, որ կոչվում է «Անկախության քայլերգ», գրված է 1924թ.՝ Օսման Զեքի Ունգյորի կողմից, իսկ գործիքավորումը կատարել է հայազգի Էդգար Մանասը, հավելելով. «Ճիշտ կլիներ թուրքական օրհներգում հայ կոմպոզիտորի ինտոնացիաների առկայության եւ այլնի մասին հետաքրքրվել հենց թուրքերից»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31